44-օրյա պատերազմից հետո Արցախում ապրելն Անահիտ Օհանյանի համար դարձել է առաքելություն: Տեղափոխվել է Ստեփանակերտ, որ սեփական փորձն ու գիտելիքները ծառայեցնի հանուն Արցախի:

Ավարտելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ Անահիտը սկսել է դասավանդել «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտում: Անկեղծանում է՝ այս ոլորտում բավականին անելիք կա. «Պիտի ասեմ, որ Արցախում դիզայնին քիչ էր ուշադրություն դարձվում, քանի որ շատերին բարդ ու անհասանելի է թվացել ոլորտը և, առհասարակ, ինդուստրիալ դիզայնի աշխարհը: Այդ բացը տարիներ շարունակ փորձել է լրացնել «Գյուրջյան» արվեստի ինստիտուտը: Ցավոք, մեզ պարտադրված պատերազմը բազմաթիվ նախաձեռնություններ կիսատ թողեց, այնուամենայնիվ բուհին հաջողվել է ինտերիերի ու էքստերիերի, ինչպես նաև տպագրության ասպարեզում որոշակի հաջողություններ արձանագրել»:

«Պատերազմից հետո բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ, և կանգնեն երկրի և այստեղ ապրող մարդկանց կողքին»,-ասում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի դասախոս Անահիտ Օհանյանն ու առաջարկում միավորվել և նորարարությամբ Արցախը դարձնել միջազգային շուկայի օղակ. «Միավորվելով և աշխատելով ՇՏՀ-ի կազմում՝ փորձում ենք կատարելագործել դիզայներական պահանջները, ձգտում համապատասխանեցնել այն համաշխարհայինին: Առաջարկում եմ համախբվել և սեփական դիզայներական մեթոդներով նպաստել արցախյան արտադրության տարբեր ճյուղերի զարգացմանը»:

Անահիտ Օհանյանը վստահ է՝ կհաջողենք, եթե միասնական լինենք, ու ամեն մարդ իր գործը կատարի առավելագույն պատասխանատվությամբ: Չէ՞ որ հայրենասիրությունը միայն հայրենիքը պաշտպանելը չէ, այլ նաև ամենօրյա քրտնաջանք աշխատանքով հայրենիքի հզորացումը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *