Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ՝ հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու և բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման նպատակով, այսօր անց է կացվել «Ինֆորմատիկայի աշխարհում» խորագրով օլիմպիադա: Այն կազմակերպվել է Արցախի շրջկենտրոնների դպրոցների ավագ դասարանների աշակերտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար՝ Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոնում։

«Առարկայական օլիմպիադաները նպատակ են hետապնդում բացահայտել և գտնել այն տաղանդներին, և ոչ միայն, ովքեր կարող են մեծ հեռանկարներ ունենալ այդ բնագավառում»․- նշել է ժյուրիի անդամ, ՇՏՀ բնագիտության, կապի, միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրենա Հարությունյանը։

Մրցույթին մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողները, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Վ․ Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի, Շուշիի և Ասկերանի շրջանները ներկայացնող ավագ դպրոցների աշակերտները՝ թիմերի կազմում։

Հանձնաժողովի կողմից միավորները բաշխվել են ըստ ներկայացված ճիշտ պատասխանների, և արդյունքում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «META» թիմը (Շուշիի Խ․ Աբովյանի անվան միջնակարգ դպրոց), երկրորդ տեղը՝ «INFO» թիմը (ՇՏՀ), իսկ երրորդ տեղը բաժին է ընկել «INTEL» թիմին (Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց):

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *