Ձեր աջակցությունը մեր ջանքերի շարժիչ ուժն է

Աջակցության հարթակի գործարկում

 

           «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը հիմնադրվել է 26.01․2016թ.-ին։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում այն զգալի հաջողություններ է արձանագրել գյուղատնտեսության, բնական տեխնոլոգիաների և շինարարության բնագավառներում ուսումնառության երեք մակարդակներում՝ կադրերի պատրաստման ու նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հետազոտական գործունեության գործընթացներում։

     Թեև 44-օրյա պատերազմի արդյունքում համալսարանի 5 մասնաշենքերը  մնացին Շուշիում,  սակայն մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց Ստեփանակերտում վերականգնել համալսարանի գործունեությունն, այդ թվում՝ հետազոտական լաբորատորիաներն ու շարունակել արգասաբեր աշխատել։ Համալսարանի կողմից յոթ տարիների ընթացքում, գրանցվել է շուրջ 70 գյուտ, որը բավականին արդյունավետ ցուցանիշ է, տպագրվել է 100-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում՝ միջազգային հանրաճանաչ հանդեսներում։ Համալսարանը հանդիսանում է ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված և РИНЦ հղումների համակարգում գրանցված «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» պարբերականի չորս հիմնադիրներից մեկը: Համալսարանը սերտորեն համագործակցում է ՀՀ-ի և միջազգային մի շարք ճանաչված առաջատար համալսարանների ու հետազոտական կենտրոնների հետ։

            Համալսարանը ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն» հիմնադրամի կողմից երկու անգամ բարեհաջող անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։  2023թ. հավատարմագրման արդյունքներով համալսարանը ՈԱԱԿ-ի փորձագետների կողմից 10 չափանիշներից 10-ով գնահատվել է դրական։

         Սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո, համալսարանը կրկին կանգնել է կազմալուծման կամ վերականգնման բարդ երկընտրանքի առջև, բայց անկախ բոլոր բարդություններից, կրկին վերակազմավորվել է՝  (ՀՕ-169 օրենքի համաձայն  16․01․2024թ․  դիմել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն)։ Սույն թվականի  հունվարի 30-ի դրությամբ համալսարանը ձեռք է բերել Հարկ վճարողի հաշվառման համար (00524644), գործունեության հասցեն՝ Արմենակ Արմենակյան 125/3, Նորք–Մարաշ 0011 Երևան Հայաստան։

Հպարտությամբ տեղեկացնենք, որ 08.07.2024թ-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից  N1218-Ա/2 հրամանի համաձայն համալսարանը ստացել է միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան լիցենզիա՝ հետևյալ մասնագիտությունների գծով. «Դիզայն», «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)», «Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում»։

Զուգահեռ, համալսարանը ձգտում է վերականգնել եռաստիճան կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաները՝ ներառելով բակալավրիատը, մագիստրատուրան և հետբուհական կրթությունը: Այս նպատակով համալսարանը մշտապես աշխատում է բարձրացնել կրթական ծրագրերի որակը և զարգացնել ակադեմիական միջավայրն՝ ուսանողների համար ապահովելով շարունակական մասնագիտական աճ։

 

 

                  Սիրելի՛ համալսարանականներ, շրջանավարտներ, սփյուռքի բարեկամներ, անհատներ, ձեռներեց- բարերարներ, բարեգործական կազմակերպություններ

 

            Այս հարթակը նախատեսված է լուծելու համալսարանի կարիքների լայն շրջանակ՝ ուսանողների  ակադեմիական աջակցությունից   մինչև վարչական աջակցություն՝ ուսումնական մասնաշենքի ձեռքբերում կամ վարձակալություն, լսարանների, լաբորատորիաների վերանորոգում և կահավորում, լաբորատորիաների և  համակարգչային լսարանների ստեղծում, գրադարանի ստեղծում՝ մասնագիտական գրականության ձեռք բերում և այլն։

              Շնորհակալություն Ձեր շարունակական նվիրվածության համար: Միասին  կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ և դառնալ ավելի ամուր՝ որպես միասնական ու աջակցող ընտանիք:

 

Հարգանքով՝

Նվեր Միքայելյան

Ռեկտոր:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ

 

Հաշվեհամար`

 

AMD 22317011165000

RUB 22317011165001

USD 22317011165002