[:hy]
Բարև Ձեզ, Պրն. Սիմոնյան, մի փոքր ներկայացրեք Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ իրավաբանական գրասենյակի առաքելությունը հայկական իրավաբանական շուկայում:
Նախ` շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար:
Գրասենյակը, հիմնադրվելով 2011 թ.-ին, համախմբում է Հայաստանում և արտասահմանում կրթված արհեստավարժ իրավաբան գիտնականներին և փաստաբաններին, ովքեր իրենց համար ընտրել են <<ընդարձակելով ազատության սահմանները>> կարգախոսը և փորձում են ոչ միայն պարզապես ձբաղվել իրավակիրառ պրակտիկայով, այլ նաև հայկական իրավաբանական շուկա ներմուծել իրավաբանական սպասարկման նոր մշակույթ, նոր արժեքներ, որոնց միջոցով, հույս ունենք, որ կկարողանանք իրավական արժեքների սպառող հասարակությունից անցնել նման արժեքներ ստեղծող հասարակության: Մեր մասնագետները հարուստ պրակտիկա ունեն հաշտարարության, փաստաբանության, միջազգային արբիտրաժի, կորպորատիվ կառավարման և այլ ոլորտներում:
Հիմնադրման օրվանից գրասենյակը նպատակ է ունեցել ձևավորել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ՀՀ մարզերում և Արցախում: Եվ հիմա մենք այդ ճանապարհին ենք. առաջինը մեր ներկայացուցչությունը կբացենք Արցախում:
Իսկ ինչու՞ հենց Արցախում:
Թե ինչու ենք ցանկանում սկսել հենց Արցախից, կարծում եմ՝ մեկնաբանվում է նրանով, որ Հայրենիքի այս հատվածը առավել արագընթաց տեմպերով տնտեսական զարգացման և այդ զարգացման իրավաբանական ճիշտ ուղղորդման կարիք ունի, ինչն ամուր հենարան կլինի քաղաքական գործոնի ուժեղացման համար:
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գրասենյակի ներդրումն այդ գործում:
Դե նախ պիտի ասեմ, որ մենք պատրաստ ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն իրականացնել այն անձանց համար, ովքեր իրենց սոցիալ-տնտեսական կամ այլ պայմանների բերումով համարվում են խոցելի խավ և հնարավորություն չունեն օգտվել բարձրորակ իրավաբանական ծառայություններից: Իսկ այսօր նման ծառայություններից օգտվելը անհրաժեշտ է, քանի որ հասարակության անդամները պետք է բավարար տեղեկացված լինեն հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի վերաբերյալ՝ այդ նույն հասարակությունում սեփական կյանքը ճիշտ կազմակերպելու և չարաշահումների զոհ չդառնալու համար: Մենք ցանկանում ենք այս քայլով մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի բնակչության իրավամտածողության զարգացման և իրավագիտակցության բավարար մակարդակ ունեցող քաղաքացիների թիվն ավելացնելու գործում:
Ավելին. մենք պատրաստ ենք և ցանկանում ենք օգտակար լինել նաև Արցախի պետական մարմիններին՝ որակյալ իրավաբանական խորհրդատվություն կազմակերպելու բնագավառում՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի ոլորտում: Եթե, իհարկե, նման ցանկություն կլինի պետության կողմից:
Սակայն մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն դրանով: Մենք պատրաստվում ենք մեր խորհրդատվական ծառայություններն առաջարկել Արցախում գործող առևտրային ընկերություններին, որոնք զբաղվում են արտադրությամբ և արտահանմամբ, ինչպես նաև խրախուսել միջազգային ներդրումային կազմակերպություններին կատարել ներդրումներ Արցախում:
Այս ասպարեզում մեր ծառայությունները օգտակար կարող և պետք է լինեն, քանի որ մենք տիրապետում ենք գործարարական գործունեության կարգավորման թե՛ հայկական և թե՛ միջազգային իրավական համակարգերին, կայուն և փոփոխվող միջավայրերում բիզնեսի կառավարման առանձնահատկություններին, առևտրային գործունեության առավել մատչելի և նպատակահարմար ուղիներին, այդ ոլորտում առաջացող վեճերի իրավական կարգավորման մեխանիզմներին և այլն:
Ընկերությունները մեր օգնությամբ իրենց ամբողջ արտադրական և առևտրային գործունեությունը կկազմակերպեն գործող օրենսդրությանը համահունչ: Լավատեղյակ լինելով տարբեր երկրների օրենսդրության առանձնահատկություններին՝ մենք կաջակցենք արտահանող կազմակերպություններին օգտվել առավել բարենպաստ ռեժիմներից և այլն:
Սա նշանակում է, որ եթե գիտենք <<խաղի կանոնները>>, ապա նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունքների հասնելու հավանականությունն այդ ոլորտում երաշխավորված է:
Մենք ցանկություն ունենք և ունակ ենք մեր առջև դրված խնդիրներն ի կատար ածելու, ինչն ապացուցել ենք բազմիցս, երբ, չունենալով որևէ նյութական ռեսուրս, մեր գիտելիքի, համառ պայքարի և չհիասթափվելու շնորհիվ ձևավորել ենք ավելին արարելու և ավելիին հասնելու կուռ կամք, ճանաչված, հմուտ և ձեռք բերածով չբավարարվող մասնագետների ամուր թիմ և այս ամենի շնորհիվ հասել ենք մեր գործունեության ոլորտում ծանրակշիռ ճանաչման և վստահության թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
Իսկ ունե՞ք արդյոք աջակիցներ Արցախում:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ աջակիցներ գտնվել են, և մեր գործունեությունը մեծապես հնարավոր է դարձել այդ անձանց շնորհիվ:
Մասնավորապես. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Թոքմաջյանի ջանքերը մեզ համար անգնահատելի օգնություն են, և մենք էլ պատրաստ ենք անել ամեն ինչ նշված համալսարանի կարողությունները զարգացնելու, իրավաբանական անվճար սպասարկում իրականացնելու և նպաստելու այն հայրենանվեր գործին, որ պարոն Թոքմաջյանը ձգտում է իրականացնել:
Վստահ եմ, որ Արցախի մեր գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք կենսագործել հասարակության առջև մեր գրասենյակի ու ամբողջ թիմի սոցիալական առաքելությունը և մեր ներուժն օգտագործել Արցախի զարգացման, տնտեսության առաջընթացի գործում, ինչը կհամարենք մեր Հայրենիքի առջև ահռելի պարտքի մասնակի կատարում:
Պրն. Սիմոնյան, շնորհակալություն հարցազրույցի համար:
Պատիվն իմն էր:
[:]