[:hy]
Shushitech. am-ի զրուցակիցն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Գուլյանը:
Պարոն Գուլյան, ագրարային կրթության զարգացման ճանապարհին ի՞նչ լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել:
Նախ և առաջ հողագիտության և ագրոքիմիայի ժամանակակից լաբորատորիաներ են անհրաժեշտ, ուսումնափորձնական բազա, բավարար հողատարածքով ինչպես նաև գյուղատնտեսական և այլ անհրաժեշտ տեխնիկա:
-Ըստ Ձեզ համալսարանն ունի՞ այն ներուժը, որպեսզի կարողանա ագրոպարենային ոլորտի համար լուծել իր առջև դրված խնդիրները:
Այսօր, երբ բարձր տեխնոլոգիաները մուտք են գործել ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտները, ցանկացած զարգացում կարող է հիմնված լինել միայն ժամանակակից տեխնիկական հագեցվածության ու բարձր տեխնոլոգիաների վրա: Դա վերաբերվում է նաև ագրարային ոլորտին, քանի որ ավանդական գյուղատնտեսությունը չի կարողանում ապահովել մարդկության հարաճուն պահանջները: Այժմ, աշխարհում փորձարարական աշխատանքներ են տարվում առաջին հերթին հողի մշակման նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատանքների հնարավորինս մեքենայացման, ավտոմատացման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կարևոր խնդիր է հողերի բերրիության բարձրացման ու պահպանման, ինչպես նաև վարելահողերի էռոզիայի դեմ պայքարի միջոցառումների մշակումն ու կիրառումը: Բուսաբուծական մթերքների ավելացման խնդրի լուծումը անմիջականորեն կապված է ոռոգվող տարածքների ավելացման հետ: Հողերի ոռոգումը կամ ջրարբիացումը նոր հնարավորություններ է ստեղծում անասնապահության զարգացման ու մթերատվության ավելացման համար: Զարգացած բուսաբուծությունն և դրան համահունչ զարգացած անասնապահությունը գյուղատնտեսական արտադրության երկու զուգահեռներ են, որոնք կարող են պայմաններ ստեղծել աստիճանական անցում կատարելու դեպի օրգանական գյուղատնտեսություն: Այսինքն` անցնել գյուղատնտեսության կենսաբանականացմանը, որը էկոլոգիապես մաքուր պարենամթերք ունենալու հիմնական ուղին է: Արցախն իր հողային պաշարներով ի վիճակի է դառնալու ոչ միայն ինքնապահովված, այլ նաև գյուղատնտեսական մրցունակ մթերքներ արտահանող երկիր: Դրան կարող են նպաստել տեխնիկական միջոցներով ապահովվածությունն և ագրարային գիտության ու առաջավոր փորձի ներդրումն արտադրության մեջ: Ուզում ենք հանոզված լինել, որ նշված խնդիրների լուծումը ինչ-որ չափով կարող է իրականություն դառնալ տեխնոլոգիական համալսարանի կայացման և նոր գիտելիքներով զինված մասնագետների թողարկման հենքի վրա:
Զրուցեց՝ Ալիսա Սարգսյանը
[:]