[:hy]Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ ինքնատիպ է իր լեզվով ու մշակույթով, և մայրենի լեզվին տիրապետելը անհրաժեշտություն է ազգային ինքնագիտակցություն ունեցող յուրաքանչյուր անհատի համար: Սակայն լեզվակիր լինելը և լեզվին տիրապետելը նույնը չեն: Հատկապես բարբառակիր հասարակության մեջ գրական լեզվի ուսուցանմանը առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի, քանի որ բարբառային շեշտադրությունն ու առոգանությունն իրենց ազդեցությունն են թողնում խոսքի վրա, հաճախադեպ են համաձայնության ու խնդրառության, բառագործածության սխալները:
Հաշվի առնելով, որ ներկայիս դպրոցական կրթությունը չի ապահովում մայրենիին լիարժեք տիրապետելու հնարավորություն, բուհերը փորձում են լրացնել այդ բացը` խտացված ու համակցված դասընթացների միջոցով:
Բակալավրիատի ոչ մասնագիտական բաժիններում հայոց լեզվի և գրականության դասընթացը նպատակ է հետապնդում ամրակայելու ուսանողների արդեն ունեցած գիտելիքները, վերացնելու եղած թերությունները, լրացնելու բացերը:
Գրականության դասընթացում շեշտը դրվում է գրական երկերում արտահայտված գաղափարախոսության, դրանց արդիականության վրա: Դա թույլ է տալիս ծավալել բանավեճ և հնարավորություն տալ ուսանողներին ձևակերպելու իրենց մտքերը, արտահայտելու սեփական կարծիքը, լսելու բանավիճող կողմերին, հետևություններ անելու:
Այլ է միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի ուսումնական ծրագիրը: Սա, լինելով հանրակրթական դասընթացի շարունակությունը, ապահովում է ավագ դպրոցի կրթական ծրագրերի յուրացումը:
Առաջադրված խնդիրները կարող են լուծվել համապատասխան կադրերի և ուսանողների պատրաստակամության պարագայում:
Լիանա Սանթրյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
[:]