[:hy]Գեորգի Հակոբյան. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ  ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է

Shushitech.am-ի զրուցակիցն է գյուղատնտեսական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Հակոբյանը:

 

Պարոն Հակոբյան, Դուք երկար տարիներ Ձեր մանկավարժական փորձն ու հմտություններն եք   փոխանցել գալիք սերունդներին, ինչ եք ակնկալում նորաստեղծ համալսարանից:

Արցախում տեխնոլոգիական ուղղություններով բարձր որակավորում ունեցող մասնագետներ քիչ կան: Կադրերի մեծ պահանջ է զգացվում, մանավանդ ագրարային ոլորտում: Մենք ունենք բարձր որակի պարենամթերք, որն ուղղված է ապահովելու ոչ միայն տեղական բնակչության, այլև արտերկրի պահանջները, քանի որ այն էկոլոգիապես մաքուր է:

Ավելի քան 50 տարի, Արցախի հողակլիմայական պայմաններում բազմաթիվ աշխատանքներ եմ կատարել ինչպես հողի բերրիության բարձրացման, այնպես էլ խաղողի վազերի ձևավորման գործում: Համոզվել եմ, որ ամեն տարի հողի տարբեր խորությամբ մշակությունը, երբ զուգահեռաբար կիրառում ենք հանքային և օրգանական պարարտանյութեր,արմատապես բարելավում է  դրա բերրիությունը: Բերեմ մի օրինակ.առաջին տարին, նախացանքային խորը հերկը կատարել եմ 33-34սմ խորությամբ, ցանքսից առաջ կուլտիվացրել, որից հետո ցանել աշնանացան ցորեն: Երկրորդ տարում, հերկը նույն հողում, կատարել եմ 40-42սմ խորությամբ, երրորդ տարումˋ 18-20 խորությամբ: Այսպիսով` ստացվում է, որ շրջվող հողի յուրաքանչյուր շերտ, երեք տարի հանգստանում է: Ուսումնասիրություններով պարզվել է, որ աշնան խոր հերկը հնարավորություն է տալիս ձմեռվա շրջանում ավելի շատ խոնավություն կուտակել հողում: Անալիզները  ցույց են տալիս, որ հողի հանգստացվող շերտում ստեղծվում է բարենպաստ  պայմաններ հողի անհրաժեշտ ստրուկտուրայի առաջացման համար: Այսպիսով` նաև մոլախոտերի ոչնչացման  արդյունավետ պայքար է տարվում: Մեր փորձը հնարավորություն է տալիս հեկտարի բերքատվությունը ցորենի համար հասցնել 28-38ց.,երբ ստուգիչ տարբերակումˋ այդ տարիներին բերքատվությունը կազմել է 17-18ց: Երաշխավորում եմ Արցախի բոլոր գոտիներում կիրառել հողի մշակման այս եղանակը և համալսարանը հետամուտ պետք է լինի այս խնդրի լուծմանը:

Արցախում միշտ զարգացած է եղել խաղողագործությունը, որտեղ վազերը ձևավորվում են հովհար համակարգով: Այս համակարգը, չնայած ապահովում է բարձր բերք, բայց, քանի որ վազի թուփը ստեղծում է կանաչ խիտ զանգված, որը տեղիք է տալիս հիվանդությունների և վնասատուների զարգացմանը: Արդյունքում բերքը պաշտպանելու համար պահանջվում է 8-12 տարբեր թունանյութերի սրսկումներ կատարել: Անշուշտ, այդ թունանյութերը թափանցում են նաև պտուղների մեջ: Ակադեմիկոս  Ս. Պողոսյանի երաշխավորությամբ 1970-ական թվականներին Կուրապատկինայի տեղամասում 30հա այգի է հիմնվել: Մեր կողմից կիրառվել է երկթևանի բարձրաբուն (բնի բարձրությունըˋ 100սմ) կորդոնային համակարգը: Այս դեպքում խաղողը տեղաբաշխվում է մշտական գործող թևերի վրա, որոնք արևի ճառագայթներից ավելի լավ են օգտվում և դրանց խնամքի ժամանակ պակասում է ֆիզիկական աշխատանքը: Հնարավորություն է առաջանում նաև մանվածքային տարածությունների հողը մշակել սարքավորման կիրառմամբ: Այսպիսով` ավելանում է աշխատանքի արտադրողականությունը, և որն ամենագլխավորն է, հիվանդությունների ու վնասատուների դեմ  2-3 անգամ քիչ թունանյութեր է օգտագործվում: Այս փորձը, ներկայումս որոշ չափով կիրառվում է ագրարային համալսարանի փորձարարական այգում: Հուսով եմ, որ նորաստեղծ տեխնոլոգիական համալսարանը հնարավորություն կստեղծի մեծ մասշտաբով կիրառել նման մշակումները:

 

Ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի ունենանք արդյունավետ ուսուցման համակարգ:

Սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ են առաջանալու բարձր որակավորումներով դասախոսներ ներգրավելու հարցում: Խնդիրներ կառաջանան նաև բնակչությանը գաղափարապես հասունացնելու համար, որպեսզի դպրոցի շրջանավարտները ձգտեն սովորել և կրթություն ստանալ տեխնոլոգիական բուհում: Համալսարանի շատ մասնագիտությունների գծով անհրաժեշտ կլինի դասախոսներ ներգրավել Երևանից և արտերկրից: Ներկայումս հիմնականում, բարձր որակավորմամբ մի քանի մասնագետներ ունենք ագրոնոմիական ուղղություններով: Համոզված եմ, որ նրանք մեծ նվիրվածությամբ կաշխատեն` ի նպաստ նոր համալսարանի կայացման:

 

 

Զրուցեցˋ Ալիսա Սարգսյանը

 [:]