[:hy]
Աշխարհի բնակչության աճի բարձր տեմպերը և բնապահպանական բարդ իրավիճակը ստեղծում են պարենային հիմնահարցի լուծման խոշորամասշտաբ խնդիրներ: Դրա հետ կապված` կարևոր ու հրատապ է դառնում յուրաքանչյուր երկրի պարենային ինքնաբավության ապահովումը, ինչին կարելի է հասնել երկու ճանապարհով` ավանդական երկրագործության համակողմանի ինտենսիվացմամբ և երկրագործության նոր համակարգի ներդրմամբ, որը հաճախ մոռացված հնի կրկնությունն է:
Առաջինը կպահանջի հզոր ու բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսական տեխնիկա, մեծ քանակությամբ հանքային և օրգանական պարարտանյութեր, թունաքիմիկատներ, էներգետիկ ու աշխատանքային մեծ միջոցներ:
Ավանդական երկրագործության ինտենսիվացումը, որն ուղեկցվում է հող մշակող մեքենաների ու գործիքների հզորության և արտադրողականության զգալի աճով, հողի մշակման խորության ավելացմամբ, վարելաշերտի ինտենսիվ փխրեցմամբ, մշակման գործողությունների թվի ավելացմամբ, առի շրջմամբ, հողի մշակման համակարգում առաջացնում է այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են հողային ագրեգատների քայքայումը, օրգանական նյութերի տարրալուծման տեմպերի արագացումը, մշակվող շերտի փոշիացումը, խոնավության կորուստը, աշխատանքային ու նյութական միջոցների ծախսերի ավելացումը և այլն:
Առի շրջմամբ հողի մշակման համակարգում մարդն իր սխալ գործունեության հետևանքով հողին զրկում է մեռած օրգանական նյութերից կազմված պաշտպանիչ շերտից` մուլչից (ցանքածածկից), անաերոբ միկրոօրգանիզմներից, որի հետևանքով խախտվում է բնական հավասարակշռությունը. խախտվում է հող վերադարձվող օրգանական նյութերի և բերքի հետ հողից հեռացվող հանքային տարրերի հաշվեկշիռը, որի արդյունքում թուլանում է սննդատարրերի փոքր կենսաբանական շրջապտույտը, առաջանում է մարդածին արագացված հողատարում, բերրիության անկում և հողի ագրոֆիզիկական վիճակի վատթարացում (դեգրադացիա):
Չնայած ժամանակակից ինտենսիվ երկրագործության պայմաններում ձգտում են սննդատարրերի վերադարձի սկզբունքը վերականգնել հնարավորինս մեծ չափաքանակներով հանքային պարարտանյութեր հող մտցնելով, սակայն դրանց կիրառման արդյունավետությունը նվազում է հումուսի քայքայման և հողի ագրոֆիզիկական դեգրադացիայի պատճառով:
Երկրագործության դինամիկ զարգացման երկրորդ ճանապարհը ագրոցենոզներում հողառաջացման բնական գործընթացի վերականգման վրա հիմնված երկրագործության նոր համակարգի կիրառումն է, որտեղ բացակայում են վերոհիշյալ բացասական երևույթները:
Հողառաջացման բնական գործընթացի վերականգման և հողի պաշտպանության համար բուսական մնացորդներից կազմված մուլչի կիրառման անհրաժեշտությունը, գիտնականների կողմից, բազմիցս ապացուցվել է: Մուլչը հողը պաշտպանում է անձրևի կաթիլների հարվածների քայքայիչ ազդեցությունից, կասեցնում հողատարման առաջացումն ու զարգացումը, հողի կեղևակալումը, զգալիորեն նվազեցնում է հողի լվացումը, նպաստում ձյան պահպանմանն ու հողում խոնավության կուտակմանը, ձմռան շրջանում նվազեցնում է հողի սառածությունը, կրճատում է հողի մակերեսի ջերմաստիճանային տատանումների միջակայքը, լրացնում է հողի օրգանական նյութերի պաշարը, ակտիվացնում է միկրոօրգանիզմների կենսագործունեությունը և, վերջապես, համարվում է բնական հողագոյացման գործընթացի էներգետիկ հիմքը: Այս ամենը խոզանից և այլ օրգանական մնացորդներից կազմված մուլչը դարձնում են անփոխարինելի միջոց հողի բերրիության ընդլայնված վերարտադրության համար և կարևոր պայման` բնական հողագոյացման գործընթացում:
Ի տարբերություն ներկայումս կիրառվող հողի մշակման ավանդական եղանակի, առաջարկվող նոր համակարգի հիմնական և որոշիչ օղակը հողի` առանց առի շրջման մշակումն է, որի հիմքում ընկած է մշակվող շերտի խորության նվազեցման և գործողությունների կրճատման սկզբունքը: Սակայն անցման շրջանում, քանի դեռ վարելաշերտում կա մոլախոտային բույսերի սերմերով պոտենցիալ աղտոտվածություն, մշակումների թիվը պետք է պահել բարձր մակարդակի վրա, և մոլախոտերից ազատվելուն համամասնորեն` այն նվազեցնել: Հեռանկարում դա կբերի հողի զրոյական մշակման, որն էլ կլինի բնական հողառաջացման գործընթացի արդյունավետ օրինակ:
Հողի հիմնական մշակման խորությունը զգալի ազդեցություն է ունենում հումուսի տարալուծման ինտենսիվության վրա: Այդ պատճառով բնական է հողի մշակման խորությունը նվազեցնելու ձգտումը, ինչը կկրճատի հումուսի անարդյունավետ կորուստն ու հողատարման վտանգը:
Հողի նվազագույն մշակման հիմնական առավելություններից մեկն էլ տեխնոլոգիական արագաշարժությունն է` պայմանավորված հարթահատիչների, սկավառակավոր և ասեղնավոր փոցխերի ընդգրկման մեծ լայնությամբ և բարձր արտադրողականությամբ: Այն թույլ է տալիս տեխնոլոգիական գործողությունները կատարել լավագույն ժամկետներում, ինչն էլ նպաստում է հողում խոնավության պահպանմանն ու մոլախոտերի ոչնչացմանը: Դա կարևոր է հատկապես աշնանացանի համար նախատեսված դաշտերում նախորդի կողմից չօգտագործված և հողում մնացած խոնավությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տալիս աշնանացանի համերաշխ ծիլեր ստանալ նույնիսկ չորային տարիներին, իսկ բուսական մնացորդներով մուլչապատված աշնանացանը հողում եղած խոնավությունը պահպանելու համար գարնանը փոցխման կարիք չի ունենում:
Արդյունաբերական հողագոյացման գործընթացը բնականին մոտեցնելու խնդիրը սուր է դրված նաև Արցախում, որտեղ ցանքատարածությունների զգալի մասը գտնվում է կամ մեծ թեքությունների վրա կամ` տափաստանային և չոր տափաստանային գոտիներում, որտեղ տեղումները տատանվում են 250-400մմ սահմաններում: Մշակվող հողերն այստեղ ենթարկվում են ինտենսիվ հողատարման և տուժում են երաշտից: Պետության կողմից կատարվող ներդրումները չեն ապահովում ցանկալի արդյունք, քանի որ այս ամենի պատճառը հողի մշակման ավանդական եղանակն է: Այն ոչ միայն չի նպաստում հողում խոնավության կուտակմանն ու արդյունավետ ծախսմանը, ջրային ու հողմային հողատարման կասեցմանը և վերջին հաշվով` հողի բերրիության բարձրացմանը, այլ հակառակը` ավելի է արագացնում այդ կործանարար գործընթացները: Հողատարման և երաշտի դեմ պայքարելու, հողի բերրիությունը բարձրացնելու խնդիրներն այսպիսի պայմաններում անհրաժեշտ է լուծել կիրառելով հողաջրապահպանական ագրոտեխնոլոգիա, որի իրականացման համար լայն հնարավորություններ են ընձեռում աշխարհում մեծ տարածում գտած հողի նվազագույն և զրոյական մշակման համակարգերը:
Հանրապետության աշնանացան ցորենի ցանքսերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ ցելային նախորդներից հետո հողը աշնանացան ցորենի տակ մշակելիս թույլ տրվող հիմնական սխալը` առի շրջմամբ խորը վարն է: Ուսումնասիրությունները վկայում են, որ չորային աշնան պայմաններում, ոչ ցելային բոլոր նախորդներից հետո, ամենալավ արդյունք ստացվում է հողը սերմերի ցանքի խորությամբ մշակելիս: Հողի մշակումը 5-7 սմ խորությամբ և առանց մազանոթների խախտման պինդ սերմնահորիզոնի ստեղծումը համարվում է անհրաժեշտ պայման հողի նվազագույն մշակման հաջող իրականացման և երաշխիք` ժամանակին և համերաշխ ծիլեր ստանալու համար, հատկապես չորային պայմաններում: Սակայն հողի մշակման նոր համակարգի փորձարկման ու արտադրության մեջ ներդրման ուղղությամբ հանրապետությունում քիչ աշխատանք է տարվում: Շարունակվում է առի շրջմամբ հող մշակող գործիքների ներկրումն ու լայնածավալ օգտագործումը, առանց օրգանական պարարտացման մաքուր ցելերի կիրառումը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պետք է ստեղծի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և հողօգտագործողների ուշադրությունը հրավիրելով ագրոցենոզներում բնական հողառաջացման գործընթացի վերականգման անհրաժեշտության վրա` դաշտային փորձերի և լաբորատոր ուսումնասիրությունների միջոցով պարզի հողի մշակման նոր համակարգի կիրառման ագրոնոմիական, բնապահպանական ու տնտեսական առավելությունները` այն ներդնելով արտադրության մեջ:
Սարիբեկ Գալստյան
գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
[:]