[:hy]ԼՂ  հանրապետության տնտեսության հիմքը կազմում է գյուղատնտեսությունը իր ավանդական  երկու ճյուղերով՝ բուսաբուծությամբ և անասնաբուծությամբ: Եվ տասնամյակների ընթացքում նրանց զարգացումը ընթացել է միմյանց հետ սերտորեն համագործակցված՝ լրացնելով մեկը մյուսին:

Անկախ սեփականության ձևերից և արտադրության ծավալից, անասնաբուծության հետագա զարգացումը ԼՂ հանրապետությունում ներկա ժամանակաշրջանի հրատապ խնդիրների շարքին է դասվում: Ըստ վիճակագրական տվյալների 2014 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքում անասնաբուծության տեսակարար կշիռը կազմել է 51,8 %:

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության զարգացումը ընդհանուր առմամբ հիմնված է կենդանի օրգանիզմների՝ բույսերի և կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների օգտագործման  վրա, անհրաժեշտ է մշակել համապատասխան ծրագրեր ուղղված նրանց բերքատվության և մթերատվության պոտենցիալ հնարավորությունների մաքսիմալ բացահայտմանը, պայմանավորված ժառանգականությամբ: Վերջինս հիմք է հանդիսանում բնակչության առողջության պահպանմանը, նրա կենսաբանական, ֆիզիոլոգիական  ժառանգական հատկությունների լիարժեք բացահայտմանը և իրականացմանը

Ըստ վիճակագրական տվյալների 2014թ. գյուղատնտեսության համախառն  արտադրանքում անասնաբուծության տեսակարար կշիռը կազմել է 51,8 %:

Հիմք ընդունելով  հանրապետության   բնակլիմայական  պայմանների  առանձնահատկությունները,  անասնաբուծության   ճյուղերից   ավելի   հեռանկարային  կարելի  է  համարել  տավարաբուծությունը  և  խոզաբուծությունը:

Հարկ է նշել, որ  անասնաբուծության համախառն արտադրանքի  52 %-ը բաժին է ընկնում տավարաբուծությանը: Նրանով է պայմանավորված ամբողջ կաթի արտադրությունը և մսի արտադրության շուրջ 43 %-ը: Իսկ խոզաբուծության տեսակարար կշիռը մսի արտադրությունում կազմում է ավելի քան 40 %: Տարվա ընթացքում մեկ հիմնական խոզամերունից կարելի է ստանալ 20 ցենտներ միս կենդանի զանգվածով, մինչդեռ մեկ մսային ուղղության  կովից՝ 4-5 ցենտներ, մեկ  ոչխարից՝  0,5-0,6  ցենտներ:

Չի  բացառվում  և  ոչխարաբուծության  ու  թռչնաբուծության   զարգացումը, հաշվի առնելով,  որ  հանրապետության կերային բազան իր մեջ ներառում  է շուրջ 115 հազար հեկտար  բնական  արոտավայրեր, որոնց ռացիոնալ օգտագործումը հատուկ է ոչխարներին՝  ի շնորհիվ  նրանց  կենսաբանական  առանձնահատկությունների:

Սակայն գիտատեխնիկական առաջընթացի ներկա  էտապում անասնաբուծության  վարման  ավանդական  ձևերը  չեն  կարող ապահովել հանրապետության բնակչության  հարաճուն  պահանջները՝ անհրաժեշտ քանակի և որակի  անասնաբուծական մթերքներով:  ՈՒստի  պետք է նոր  ուղիներ  փնտրել  ուղղված  նրանց արտադրության և  ընդհանուր  առմամբ  ճյուղի   արդյունավետության  բարձրացմանը:

Դրա հետ կապված գիտնական անասնաբույծները  կոչված են մշակելու գյուղատնտեսական   կենդանիների  գիտականորեն  հիմնավորված  բուծման,   կերակրման և պահվածքի մեթոդները  համապատասխան անասնաբուծության վարման արդյունաբերական տեխնոլոգիայի պահանջների:Վերջինս պայմանավորված է մեծ գլխաքանակի կենտրոնացմամբ, որը  բարդ  խնդիրներ  է  դնում  անասնաբուժական  աշխատողների առաջ: Նրանց կողմից պետք  է մշակվեն  պրոֆիլակտիկ  միջոցառումների  համակարգ ուղղված նման պայմաններում անասուններին  զերծ  պահելու հիվանդություններից և խուսափելու  անկումներհց:                                               Ավանդական հատկանիշները, որոնցով գնահատվում են  ցեղերը  համարվում են կաթնատվությունը, մսատվությունը, վերարտադրական ընդունակությունը և պիտա-նիությունը արդյունաբերական տեխնոլոգիայի պայմաններին: Ցեղի ճիշտ ընտրությունը  համարվում է ճյուղի  արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիքը, քանի որ եթե բուսաբուծությունում ամեն ինչի  հիմքը կազմում է սորտը, ապա անասնաբուծությունում նման ֆունկցիա իր վրա կրում է ցեղը: Դրա հետ կապված առաջիկայում առաջնությունը կտրվի կաթնամսային ուղղության ցեղերին, որոնք համարվում են ավելի մրցունակ կաթնային ուղղության ցեղերի  հանդեպ:

Հանրապետությունում  լայն  տարածում  ստացած տավարի կովկասյան գորշ ցեղը, որը  ունի  կաթնամսային ուղղություն, լավ  է հարմարված  տեղի  բնակլիմայական պայմաններին: Նրանում  հաջողությամբ  են  զուգակցվում  կաթնային և մսային մթերատվությունը:  Կաթնատվության գենետիկական  ներուժը  տատանվում է 3000-3500 կգ-ի սահմաններում: Հետևաբար տոհմային սելեկցիոն աշխատանքը պետք է ուղղված լինի ոչ թե այս  ցեղի արմատական վերափոխմանը, այլ առանձին հատկանիշների բարելավմանը՝  մասնավորապես մթերատվության բարձրացմանը և կաթնագեղձի ձևի լավացմանը, ինչպես մաքուր  բուծման, այնպես  էլ միջցեղային  տրամախաչման մեթոդով:

Այս  առումով  նպատակահարմար գտնել միջին  լեռնային  և նախալեռնային գոտիներում   կովկասյան  գորշ ցեղի  բարելավումը առաջին  հերթին կատարելու նրա ազգակից շվից ցեղի արտադրողների օգտագործումով որի ավելի կատարելագործված  տեսակը  համարվում  է ամերիկյան  սելեկցիայի շվից  ցեղը, քանի որ այն ունի  կաթնային տիպ և բարձր մթերատվություն: Իսկ հարթավայրային  գոտու պայմաններում  ճիշտ  կլինի օգտագործել ֆլեկֆի  ցեղը:

Նշված  ցեղերի  միջև  տրամախաչումը  կատարել այն  հաշվով, որ  ստացված խառնացեղերի մոտ կովկասյան գորշ ցեղի արյունը կազմի  62,5 %, իսկ շվից և ֆլեկֆի ցեղերինը՝ 37,5 %:

Մթերատվության  բարձրացման  գործում կարևոր նշանակություն ունի նախրի (հոտի) ռացիոնալ վերարտադրության կազմակերպումը, պահպանելով մայրական կազմի տեսակարար կշիռը ըստ անասնաբուծությունում ընդունված նորմերի:  Ընդ  որում    կովերի    արտադրական    օգտագործման  տևողությունը  հասցնել  ոչ  պակաս  6-լակտացիայի, հիմնական խոզամերունների օգտագործումը 4 տարվա, մաքիներինը՝ 5, ձուածան հավերինը 2 տարվա:

Խոզաբուծության  բնագավառում նպատակահարմար գտնել բուծելու խոշոր  սպիտակ, հայկական մսային  և լանդրաս ցեղերը:

Հանրապետությունում գորգագործության հետագա զարգացման հետ կապված  ուշադրության արժանի է ոչխարի հայկական կիսակոպտաբուրդ ցեղի բուծումը, որի բուրդը ունի շտապելածամիկային կառուցվածք, խիտ է և համարվում է բարձրորակ  հումք  գորգագործության համար:

Անասնաբուծության  որակական կազմի բարելավման և գլխաքանակի ավելացման նկատառումով  անհրաժեշտ  է լուրջ  ուշադրություն դարձնել տոհմային  աշխատանքի արմատավորմանը, լայնորեն  կիրառելով  արհեստական  սերմնավորումը, որը համարվում է անասունների մթերատու և տոհմային հատկանիշների բարելավման ամենառացիոնալ և հուսալի պայմանը: Վերջինս առավել արդյունավետ է, բարձրարժեք, ըստ սերնդի որակի ստուգված ցուլերի օգտագործման դեպքում: Այն կարելի է կազմակերպել գյուղական համայնքներում՝ պայմանագրային հիմունքներով, կնքված անասնատերերի և սերմնավորման  ծառայության միջև:

Անասնաբուծության գլխավոր գործոններից է կենդանիների  լիարժեք  և ռացիոնալ կերակրումը, քանի որ անբավարար կերակրման պայմաններում հնարավոր չէ բացահայտել մթերատվության պոտենցիալ հնարավորությունները, որի հետևանքով երբեմն անհիմն կերպով հարց է դրվում մի ցեղը փոխարինել մյուսով:

Անասունների մթերատվությունն ու կերերի ծախսը պայմանավորված է ֆերմաների միկրոկլիմայով: Շենքերը, որոնցում տեղակայված են կենդանիները և թռչունները պետք է լինեն չոր, ունենան նորմալ լուսավորվածություն և տաքություն:     Վնասակար գազերի առկայությունը չպետք է գերազանցի թույլատրվելիք նորմերին:

Ցանկացած երկրի  տնտեսական  անվտանգության  համար  կարևոր  դեր  է կատարում և կրթական համակարգը, որը կոչված է ագրարային տնտեսությանը ապահովելու համապատասխան կադրերով: Ներկայումս համալսարանում գործող  անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ամբիոնը ունի բարձր որակավորում  ունեցող մասնագետներ՝ գիտությունների մեկ դոկտոր, երկու դոցենտներ և մեկ թեկնածու: Ամբիոնի կողմից հիմնականում թողարկվում են անասնաբուժություն որակավորման մասնագետներ: 2016-2017 ուս. տարվա  մասնագիտությունների ընդունելիության  ցանկում  նախատեսված է ընդունելիություն և անասնաբուծություն մասնագիտության գծով:Նախարարության կողմից նախաձեռնած նման քայլը ողջունելի է,քանի որ այս երկու մասնագիտությունները պետք է  գործեն զուգահեռ և համագործակցված: Եվ դրա հետ կապված նպատակահարմար գտնել շրջվարչակազմերին  կից  մտցնել   և  անասնաբույծ  սելեկցիոների  հաստիք:

Սակայն այս առումով արդյունքները դեռևս հեռու են գոհացուցիչ լինելուց: Ընդունված ուսանողների կրթական մակարդակը ցավոք բավականին ցածր է, և բարձր գիտելիքներով դիմորդները գերադասում են ուսումը շարունակել այլ, այսպես կոչված՝  «մոդայիկ» մասնագիտությունների ուղղությամբ, շրջանցելով գյուղատնտեսական մասնագիտությունները, որի արդյունքում էլ բարձրորակ կադրերի պատրաստումը սահմանափակ  բնույթ  է  կրում:

Ինչ վերաբերվում է ուսուցման մակարդակին և պայմաններին անհրաժեշտ է հաշվի առնել, որ լսարանի շրջանակներում բարձրորակ կադրերի պատրաստումը իրական չի կարելի համարել: Ուսանողների տեսական գիտելիքների պրակտիկ  արմատավորման համար անհրաժեշտ է համալսարանին կից ստեղծել ուսումնափորձնական տնտեսություն, ինչպես նաև լաբորատորիաներ կահավորված ժամանակակից սարքավորումներով:

Արդի ժամանակաշրջանում գյուղատնտեսությունում  տնտեսական հարաբերությունների   արմատական վերափոխումների արդյունքում, առավել վճռորոշ է դառնում գիտության դերն ագրարային արտադրության բնագավառում, որի հիման վրա առաջնակարգ պլան է մղվում նոր տեխնոլոգիաների մշակումը ու արմատավորումը արտադրությունում:  Եվ տարածաշրջանում նման առաքելություն  անշուշտ  իր  վրա կկրի  Շուշիի նորաստեղծ  տեխնոլոգիական  համալսարանը, միաժամանակ  լինելով  գյուղատնտեսական բարձրորակ կադրերի պատրաստման դարբնոց:

 [:]