[:hy]Shushitech.am-ի զրուցակիցն է վաստակաշատ մաթեմատիկոս, Արցախյան գոյապայքարի մասնակից Ռոբերտ Հարությունյանը.

 

Ինչ է տվել Ձեզ մաթեմատիկան:

 

Դեռևս շատ փոքրուց առնչվում էի մաթեմատիկային, քանի որ ընտանիքում ունեինք այս ոլորտի մասնագետ, գուցե նաև աշխատում են գեները և միջավայրը, որտեղ հայտնվել ես: Ըստ այդմ, այն ինձ հետաքրքրեց, կարծես ի վերուստ այդպես էր նախանշված, և երբևէ չեմ փոշմանել մասնագիտության ընտրության հարցում: Մաթեմատիկան օգնում է ինձ նաև զուգահեռաբար ստեղծագործել: Այն ինձ աշխարհընկալման, ինքնարտահայտման ու ինքնադրսևորման հնարավորություն տվեց:

 

Որքանով է այսօր մաթեմատիկայի դերը կարևորվում արդի կրթական համակարգում:

 

Արցախն ավանդաբար եղել է բնական գիտությունների կրողների շտեմարան: Քիչ չեն մեծ համբավ ունեցող Արցախյան արմատներով ակադեմիկոսները: Ըստ իս, մաթեմատիկական գիտությունը հիմք է հանդիսանում բոլոր բնագիտական առարկաների համար, մասնավորոպեսˋ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության: Ցանկացած ոլորտում գործում են մաթեմատիկական մոդելներ, որոնք օգնում են մարդուն կողմնորոշվելու, գնահատելու տվյալ ոլորտի ընթացքն ու զարգացումները: Հենվելով այսօրվա համակարգչային տեխնիկայի զարգացման բարձր մակարդակի վրա, կարելի է մեզ շրջապատող իրականության մեջ որոշակի բնագավառներում ստեղծել մաթեմատիկական մոդելներ, որոնք կտան անհրաժեշտ լուծումներ: Կա ձևավորված թյուր կարծիք, որ մաթեմատիկան չոր թվերի մի շարան է, այնինչ, այն խորը փիլիսոփայություն է պարունակում իր մեջ, բավական է միայն նշել անվերջության հասկացությունը: Երևույթների մաթեմատիկական նկարագրությունները և արդյունքում որոշակի լուծումներ ստանալու հնարավորությունը շատ գրավիչ է: Մաթեմատիկան` բանալին է:

 

Ինչ հիմնախնդիրներ կնշեիք մաթեմատիկայի դասավանդման բնագավառում:

 

Սուղ բնական ռեսուրսներով Արցախը կարող է հաջողություններ արձանագրել միայն գիտատար բնագավառներում, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տեխնոլոգիական կրթության պատշաճ մակարդակ: Հաշվողական տեխնիկայի զարգացման հետ միասին կիրառական ոլորտներում լայնորեն օգտագործվում են մաթեմատիկական մոդելներ` տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Մաթեմատիկան թեև համարվում է կոնսերվատիվ գիտություն, սակայն այսօր նրա ճյուղերից մեկըˋ կիրառական մաթեմատիկան, խիստ արդիական է: Դրա հենքի վրա ստեղծված համակարգչային տեխնիկայի և մոդելների կիրառմամբ մարդկությունը ստանում է կարևորագույն արդյունքներ:

 

Դուք հեղինակ եք 3 ուսումնամեթոդական ձեռնարկների և  9 գիտական հոդվածների, ինչ եք կարծում, այսօր կա արդյոք անհրաժեշտություն ուսուցման նոր մեթոդներ կիրառելու մաթեմատիկայի բնագավառում:

 

Պյութագորասի, Ֆերմայի, Ռոլլի և այլոց թեորեմները շարունակում են ծառայել  մարդկությանը, սակայն սխալ կլինի չօգտվել ժամանակակից համակարգչային տեխնիկայի հնարավորություններից: Այսպեսˋ հանրահաշվական հավասարումները, անհավասարումները կարելի է հստակ լուծել համապատասխան ֆունկցիաների համակարգչային գրաֆիկների օգնությամբ: Սակայն դա չէ գլխավորը: Մաթեմատիկան, առաջին հերթին, տրամաբանության ներդրում է երեխաների ուղեղներում և իմ կարծիքով ոչ ոք, ոչ մի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրել չի կարող առանց մաթեմատիկական տրամաբանության առկայության: Կարծում եմ մենք արմատապես պետք է վերանայենք մաթեմատիկայի նկատմամբ մեր վերաբերմունքը ոչ միայն բուհում, այլ նաև դպրոցում: Կարծում եմ նախորդ դարի կեսերի փորձը, այս առումով, ավելի հաջողված էր:

 

Ինչպես կգնահատեիք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կայացման հեռանկարը:

 

Իր ողջ պատմության ընթացքում մարդկային պատմության առաջընթացն ապահովել է գիտության զարգացումը: Կցանկանայի, որ իմ Հայրենիքում գիտությունը (նաև կրթությունը` որպես դրա ապահովման անհրաժեշտ պայման) լիներ պահանջարկված և բարձր հիմքերի վրա: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կարող է լուծել այս խնդիրը: Սա շանս է… Դրա համար կա և՛ քաղաքական կամք, և՛ բավարար հնարավորություններ: Կայացման պայմաններից մեկն էլ` կրթության ոլորտում վերջին տասնամյակներում ձևավորված որոշ կարծրատիպերից հրաժարվելն է: Մենք պետք է աշխատենք որակի վրա… որպեսզի մեր յուրաքանչյուր շրջանավարտի մասին աշխարհում ասեն. նայեք, այս մասնագետը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի սան է…

 

Ալիսա Սարգսյան

 [:]