[:hy] 

Ջուր, դու չունես ոչ համ, ոչ գույն, ոչ հոտ…

Քեզ հնարավոր չէ նկարագրել:

Քեզ հնարավոր է միայն վայելել…

Չի կարելի ասել, որ դու անհրաժեշտ ես կյանքի համար,

քանի որ, դու ինքդ՝ ԿՅԱՆՔ ես…

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

 

Հին Օլիմպոսում ջուրը ներկայացնում էին միանգամից մի քանի Աստվածներ…

Մարդիկ խոնարհվում էին ջրին ու նրա Աստվածներին և փորձում էին շահել նրանց բարեհաճությունը: Ջրի հզոր ու կարող ուժին հավատում էին բազմաթիվ ժողովուրդներ: Հին Նորվեգիայում, նորածնի կյանքը պահպանելու համար, նրան ցողում էին ջրով:  Հնդկաստանում ջուրը համարվում էր կյանքի էլիքսիր, համեմատելով այն մայրական կաթի հետ: Եգիպտոսում, Չինաստանում և Ռուսաստանում, ջուրը մարմնացնում էր ազնվությունն ու ճշմարտությունը:

Մարդը և կենդանիները հիմնականում կազմված են ջրից… ընդ որում երեքամսյա մարդկային սաղմում ջրի քանակությունը 91 տոկոս է, իսկ ութամսական սաղմի մեջ՝ 81 տոկոս: Ձկան մեջ ջրի քանակությունը 75 տոկոս է, կարոֆիլի մեջ՝ 80, խնձորի մեջ՝ 85, պոմիդորի, գազարի և սնկի մեջ՝ 90, վարունգի մեջ՝ 95… Մարդը սննդի հետ ներառյալ օրական օգտագործում է շուրջ 2,5-3 լիտր ջուր: Եթե առանց սննդի մարդը կարող է գոյատևել 40 օր, ապա առանց ջրի՝ ընդամենը 9: Օրգանիզմի 7 տոկոս ջրազրկման դեպքում, մարդը հայտնվում է կիսաուշաթափ վիճակում, 10 տոկոս ջրազրկման դեպքում, սկսվում են հալյուցինացիաները (պատրանքները), 12 տոկոս ջրազրկման դեպքում, մարդը չի կարող վերականգնել ուժերը առանց հատուկ բժշկական օգնության, իսկ 20 տոկոս ջրազրկման դեպքում մարդը մահանում է:

Հին Աշխարհի առաջին փիլիսոփաներից մեկի, Ֆալեսի կարծիքով ջուրը ամեն ինչի հիմքն է, իսկ մնացյալը առաջանում են ջրից: Եվ այսօր, Ֆալեսի հիպոթեզից հազարամյակներ հետո, գիտությունը հասավ նույն հանգրվանին՝ ամեն ինչ կազմված է ջրածնից…

Ջրով ոռոգում են դաշտերը և պտտեցնում հիդրոտուրբինները: Ջրով հանգցնում են հրդեհը… բայց և լավ վառվելու համար՝ հենց ջրով են թրջում ածուխը…

Ջրի հոսքը, շատ դեպքերում, նույնացվում է ժամանակի հոսքի հետ…

Ջրի մշտենական հատկությունն է լինել խոնավ… ջրի մասնիկները բավականին դյուրաշարժ են, հոսում են և չունեն որոշակի ձև: Հոսելով հանդերձ, ջրի մասնիկները իրարից պոկելու կամ միմյանց նկատմամբ սահեցնելու համար որոշակի ուժ է հարկավոր, որի պատճառով, ջուրը համարվում է մածուցիկ հեղուկ:

Ջուրն ունի կաթիլ առաջացնելու հատկություն: Մակերևութային թաղանթի ազդեցության շնորհիվ ջուրը գտնվում է նախնական մեծ ճնշման տակ և խիստ սեղմված է, և այդ ճնշումը հասնում է 11.000 մթնոլորտի (10,8×108 Պասկալ)…

Երկրագնդի ջրային պաշարները գնահատվում են շուրջ 14,5×1017 մ3 : Դրանից շուրջ 93,98 տոկոսը համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են, 4,14 տոկոսը՝ ստորերկրյա ջրերը, սառցաբեկորները կազմում են երկրագնդի ջրային պաշարների 1,86 տոկոսը, հողի և մթնոլորտի խոնավությունը՝ 0,01 տոկոս է: Արդյունքում, քաղցրահամ ջրերի քանակը, որը գտնվում է լճերում, գետերում և երկրի մակերևույթ դուրս եկող աղբյուրներում կազմում է երկրագնդի ջրային պաշարների ընդամենը 0.01 տոկոսը: Այսօր, մարդկությունն օգտագործում է տարեկան 3,8×1012 մ3 ջուր: Առաջիկայում այն հակում ունի ավելանալու ավելի քան 3 անգամ: Ջրսպառման ստեղծված իրավիճակում, քաղցրահամ ջրերի վերականգնվող պաշարները՝ ջրային ռեսուրսները չեն բավականացնի: ՄԱԿ-ի տվյալներով երկրագնդի բնակչության 1/6 մասին, այսօր արդեն մատչելի չեն խմելու որակի, իսկ 1/3 –ին՝ կենցաղային նշանակության  ջրերը: Ջրի հետ կապված խնդիրների հետևանքով, յուրաքանչյուր 8 վարկյանում մահանում է մեկ երեխա: 2,4 միլիարդ մարդ չունեն համապատասխան սանիտարական պայմաններ: Իսկ կլիմայի գլոբալ փոփոխություններն ավելի կխորացնեն ջրամատակարարման չլուծված հարցերը: Հիմնախնդրի կարևորությունից ելնելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է ջրային ռեսուրսների համաշխարհային օր (1993թ., բանաձև 47/193), իսկ 2000թ. սեպտեմբերի 8-ին, ընդունել է «Հազարամյակի հայտարարագիրը (բանաձև 55/2), որի 4-րդ գլխի 23-րդ կետում ասված է. «կանգնեցնել ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, տարածքային, ազգային և տեղական մակարդակներում մշակել ջրատնտեսական գործունեության այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կտա ձևավորել ջրի բավարար առաջարկ և ջրի մատչելիությունը կդարձնի արդար»:

Ինտերպառլամենտի 100-րդ ասամբլեան (Մոսկվա, 1998թ.) ընդունեց որոշում երկրագնդի քաղցրահամ ջրային ռեսուրսների, այդ թվում խմելու ջրի, պահպանման և հնարավորինս խնայողաբար օգտագործման վերաբերյալ: Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Քաղցրահամ ջրային ռեսուրսներն անհրաժեշտ են մարդկանց առողջության, սննդամթերքի պատրաստման, ոռոգման և էկոհամակարգերի պահպանման համար: Ջուրը ռազմավարական նշանակության ռեսուրս է, որի անբավարարությունը սպառնում է մարդկության գոյատևմանը և զարգացմանը: Ներկայումս բազմաթիվ երկրներ չունեն բավարար քանակի ջրային ռեսուրսներ, որոշ երկրներ ի վիճակի չեն կուտակելու այն, իսկ շատ երկրներում բացակայում է զարգացման, մոնիտարինգի և ջրի կառավարման արդյունավետ քաղաքականության վարման հնարավորությունը: Պետությունների կողմից անհրաժեշտ է մշակել համալիր գործողությունների ծրագիր՝ ջրի կայուն վերարտադրությունը ապահովելու նպատակով»:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա քաղցրահամ ջրային ռեսուրսները կայուն երաշխիք կարող են ստեղծել տնտեսական կայուն զարգացում ապահովելու համար, ներառյալ միջազգային տնտեսական և քաղաքական զարգացումների առումով: Սա շանս է, և մենք պարտավոր ենք այն օգտագործել համակողմանիորեն ու առավելագույն պատասխանատվությամբ:

 

Տեխնիկական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր Հովահննես Թոքմաջյան

[:]