[:hy]Shushitech.am-ի զրուցակիցն է քիմիական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հակոբյանը:
Որքանով է այսօր քիմիայի դերը կարևորվում ներկայիս կրթական ոլորտում:
Մասնագիտության ընտրությունը մարդու կյանքի առանցքային և ամենաբարդ որոշումներից մեկն է: Այն պետք է ընդունել երկար կշռադատելով, քանի որ ճիշտ ընտրված մասնագիտությունը մարդու հաջողակ ապագայի գրավականն է: Մասնագիտության ընտրության հարցում պետք է հաշվի առնել մտավոր ունակություններն ու նախասիրությունները, աշխատաշուկայի պահանջարկը:Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ արագընթաց փոփոխություններ են տեղի ունենում: Աստիճանաբար փոփոխության են ենթարկվում և վերանայվում իրականության մեր պատկերացումները, ավելի ու ավելի ենք ձգտում դրանք համապատասխանացնել մեր կյանքի պահանջներին: Գիտելիքի մշակումը, յուրացումը, կիրառական և գործնական հմտությունների ձեռքբերումը ժամանակի հրամայականներն են: Այսօր, առավել, քան երբևէ, կարևորվում է քիմիայի ուսուցումը, որի հիմքում ընկած են դասավանդման նորագույն մեթոդներ, մեթոդական գործիքներ: Առանց քիմիայի խորը իմացության անհնար է լուծել բնօգտագործման և բարձր տեխնոլոգիաների հետ կապված բազմաթիվ հարցեր:Առանց քիմիայի հնարավոր չէ աշխարհի մասին գիտական պատկերացում կազմել, թափանցել երևույթների էության խորքը, հասկանալ նյութերի փոխարկման էությունը, և հետևաբար անընդհատ փոփոխման ենթարկվող աշխարհը: Որպես բնական գիտություն քիմիան իր ուրույն դերն ու նշանակությունն ունի գիտատեխնիկական առաջընթացի գործում:
Ինչպես կգնահատեիք քիմիայի իմացության մակարդակն ուսանողության շրջանում:
Կրթական համակարգը մշտապես գործել և զարգացել է կոնկրետ հասարակական միջավայրում: Այս առումով կարևոր է որպեսզի, որ կրթությունը համաքայլ ընթանա ժամանակի փոփոխությունների հետ: Այսօր դասապրոցեսի և արտաքին աշխարհի առնչություններն ավելի անմիջական են, ինչը նշանակում է, որ անհնար է դասավանդել, աշակերտներին ներգրավել դասապրոցեսին, եթե գիտելիքը վերացա-կան է, չի կապվում կյանքում ընթացող գործընթացներին և փոփոխություններին:
Քիմիա առարկայի դասավանդման ընթացքում կարևոր է աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացումը, տեղեկատվական ոլորտում կողմնորոշվելու, ստացված գիտելիքները գնահատելու, ինքնուրույն եզրահանգում-ներ կատարելու ընդունակությունների ձևավորումը:
Համոզված եմ, որ նույն վտանգի տակ են նաև մնացած բնական գիտությունները:
Ասեմ, որ ուսանողության շարքերում քիմիայի իմացության մակարդակը դեռևս շարունակում է մնալ ցածր: Նրանց մի մասը հետաքրքրվում է քիմիայով, մյուս մասը առարկան համարում բարդ, անհետաքրքիր և հեռու առօրյա կյանքից մի գիտություն, որը իհարկե թյուր կարծիք է: Առարկայի չսիրված լինելու մի շարք պատճառներ կան, որոնցից առաջ-նայինը դպրոցներում քիմիա առարկային ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն է: Դպրոցների մեծ մասում, ինչպես և մի շարք բարձրակարգ կրթական հաստատություններում քիմիական լաբորատորիաները կամ բացակայում են, կամ գտնվում են ոչ բարվոք և թերի համալրված վիճակում: Այդ պատճառով մանկա-վարժը չի կարողանում նյութի էությունը տեսանելի դարձնել` անցնելով դասա-գրքային նյութից, գեղեցիկ և հետաքրքրաշարժ քիմիական փորձերի: Քիմիական նյութերի, երևույթների, փոխարկումների դիտողական ընկալումը հնարավորություն է տալիս ուսանողներին յուրացնելու քիմիայի հիմնական տեսական հասկացութ-յունները`զարգացնելով տրամաբանական մտածողությունը, բացահայտում է քիմի-այի գործնական կիրառությունը, օգնում ամրապնդելու գիտելիքները: Այդ կապակցությամբ տեղին է հիշել չինական ասացվածքը.
Լսում եմ, մոռանում եմ
Տեսնում եմ, հիշում եմ
Կատարում եմ, հասկանում եմ
Քանի որ առարկան ինքնին հետաքրքիր ու կարևոր է, ուստի դասավանդումն ավելի արդյունավետ դարձնելու համար կառաջարկեի կիրառել դասավանդման ժամանակակից մեթոդաբանական գործիքակազմը, իրականացնել ուսանողակեն-տրոն մոտեցում, ակադեմիական և ինտերակտիվ դասավանդման մեթոդների զու-գակցում, կիրառել տեխնիկական միջոցներ, կազմակերպել պրակտիկ խաղեր, հաշվի առնելով մասնագիտացումը` մեծացնել ուսանողի ինքնուրույն աշխատանքի ծավալը, խրախուսել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ցանկութ-յունը:
Ինչպիսի ուսուցման մեթոդներով եք ուզում առաջնորդվել:
Ուսուցման գործընթացի հաջող իրականացման համար մանկավարժին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Սակայն սոսկ իմացությունը բա-վարար չէ: Կարևոր է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողություն: Ուսուցման մեթոդը ուսուցչի և աշակերտի հետևողական, փոխկապակցված գործողությունների համակարգն է, որն ապահովում է կրթության բովանդակության յուրացումը: Հանդիսանալով ուսուցման գործընթացի միջուկը` մեթոդը իրար է կապում ուսուցման` նախապես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը: Ուսուց-ման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:
Ուսուցման մեթոդները կարելի է բաժանել 2 խմբի` ավանդական և նոր կամ ժամանակակից: Ավանդական են բացատրական, զննական այն մեթոդները, որոնց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության պարզ փոխանցում սովորողին և վերջինիս կողմից դրա վերարտադրումը: Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործընթացում նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը:
Քիմիայի դասընթացի համար նախընտրելի են գրաֆիկական, համագործակցային և նախագծային ժամանակակից մեթոդները: Քիմայում պահանջվում է կիրառել գրաֆիկներ, ինչն օգնում է տեսողությամբ ընկալելի ձևով ձեռք բերված գիտելիքները հստակ ներկայացնել: Դասավանդման մեթոդների շարքում մեծ դեր ունի նաև համագործակցային ուսուցումը: Այս մեթոդի կիրառումը ուսման գործընթացը վերածում է սոցիալական շփման: Համագործակցային քննարկումը ուսանողների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավագույն եղանակն է: Հիմնական իմաստն աշակերտների` որպես գործընկերների խմբի համագործակցություն է:
Նախագծային մեթոդն առաջարկում է ավելին, քան ավանդական կրթության շրջանակը: Այս մեթոդով ուսուցման ընթացքում առաջնային նպատակը ուսանողի ինքնազարգացումը խթանելն է` նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կոնկրետ իրավիճակներում կիրառելու հնարավորությունների ստեղծման միջոցով: Ընդգրկվելով ուսումնական այս կամ այն նախագծում ` ուսանողները սովորում են հետազոտություններ կատարել, տեղեկատվություն որոնել ու գտնել, տեսակավորել, զտել, համակարգել ու վերլուծել այն: Նախագծային մեթոդի կիրառումը նպաստում է ծրագրային նյութի ընկալմանը, թույլ է տալիս բնականոն կերպով զարգացնել անհրաժեշտ ուսումնական ունակություններ, ձևավորել հաղորդակցային կարո-ղություններ: Այս մեթոդի արդյունավետությունը կայանում է ` սովորողների պատաս-խանատվության, ինքնուրույնության, խմբի հետ աշխատելու ունակության զար-գացման գործում:
Ի վերջո բոլոր մեթոդներն ու հնարները միմյանց լրացնում, արդյունավետ են դարձնում դասաժամերը: Քիմիայի իմացությունը մեծապես նպաստում է աշխարհայացքային գաղափարների ձևավորմանը և վճռորոշ ազդեցություն ունի քաղաքակրթության, գիտատեխնիկական առաջընթացի վրա: Բացի դրանից հնարա-վորություն է տալիս կանխել շրջակա աշխարհին սպառնացող վտանգները, լուծել էկոլոգիական, բժշկական, գյուղատնտեսական, արդյունաբերական բազմաթիվ հիմնախնդիրներ:
Ի՞նչը կխթանի ուսման որակի բարձրացման:
Անհրաժեշտ է բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմաններն ու օտար լեզվի իմացության մակարդակը, ինչպես նաև համալսարանի գիտական գրադարանը համալրել ժամանակակից դասագրքերով, մեթոդական ուղեցույցներով և ուսումնամեթոդական ձեռնարկներով:
Ինչպիսին եք տեսնում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տեսլականը:
Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները, որոնց հանդիպում ենք ներկայիս ուսուցման գործընթացն իրականացնելիս: Հզոր համացանցն ու ծրագրերը փոխում են գիտելիքներ ձեռք բերելու ուղիներն ու հնարավորությունները, արդյունքում, դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդները փոխում են նաև լսարանում դասախոսության որակը: Ուսանողները պետք է ունենան 21-րդ դարում պահանջվող բոլոր հմտություններըˋ հաղորդակցման և տեղեկատվական –կառավարման կարողություններ, համագործակցություն, ինչպես նաև նրանց պետք է հասանելի լինեն ուսմանն օժանդակող այն բոլոր միջոցառումները, որոնք հնարավորություն են դարձնում այդ կարողությունների օգտագործումը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պետք է լինի ոչ թե Արցախի երկրորդական կարգի ուսումնական հաստատություններից մեկը, այլ միջազգային չափորոշիչներին համապատասխան միջազգային ճանաչում ունեցող գիտակրթական կենտրոն:
Հարցազրույցը վարեցˋ Ալիսա Սարգսյանը[:]