[:hy]

         Մեծ է գյուղատնտեսության դերն ու նշանակությունը երկրի տնտեսական զարգացման և բարեկեցության գործում: Գյուղատնտեսությունը այնպիսի ոլորտ է, որտեղ մարդը պետք է համատեղի իր եռանդն ու գիտելիքները՝ բարիք ստեղծելու համար: Սակայն այսօրվա գյուղատնտեսը՝ հողագործը, անասնապահը, թեկուզ գյուղացին, զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ չօգտվելով խորհրդատվական ծառայություններից: Չնայած հիմա բոլորը բարձրագույն կրթություն են ստանում, բայց այնպիսի մասնագիտություն են ընտրում, որ իրենք «չաշխատեն», այլ աշխատող պահեն: Արդյունքում գյուղատնտեսության կարևորագույն ճյուղը՝ անասնապահությունը մնում է կրթություն չունեցողների հույսին:

      Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի «ժամանակակից ոճի» բարձրագույն կրթության մեջ գյուղում ապրող բնակչին ներգրավելը:

       Ակսել Բակունցը, լինելով գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ նշել է. «Գրքերի արժեքն իմացվում է այն ժամանակ, երբ այն ընկնում է ընթերցողի՝ գյուղացու ձեռքը», չէ որ կրթված գյուղացու աշխատանքը կլինի եկամտաբեր:

       Ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել ապագա ուսանողի մեջ, որ ընտրի մեր երկրի և իր համար «ճիշտ» մասնագիտություն:

       Անասնապահությունը, լինելով արդար գործ, կարող է նաև եկամտի աղբյուր լինել, եթե այն իրականացվի ճիշտ և նպատակային: Վերջերս Արցախի գյուղատնտեսության նախարարությունում կայացած գերմանացի բարձրակարգ մասնագետ-խոզաբույծի հետ հանդիպումը ապացուցեց թե որքան կարևոր է անասնաբուծությունում /խոզաբուծությունում/ կիրառել գիտության ձեռքբերումները՝ ժամանակակից տեխնոլոգիաները, որի արդյունքում նվազում է աշխատատարությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով քիչ ծախսատար, արդյունավետ և տնտեսապես շահավետ աշխատանք:

         Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտը շատ լայն է ու բազմազան: Գյուղատնտեսության բոլոր ճյուղերից յուրաքանչյուրն ինքնին ուսումնասիրության մի աշխարհ է: Որքա՜ն հետաքրքիր ու միևնույն ժամանակ օգտակար գործ է անասնաբուժությունը՝ սկսած տարբեր կենդանիների կազմվածքի ու պահվածքի ուսումնասիրությունից մինչև տարաբնույթ հիվանդությունների դեմ պայքարի իրականացում, որի արդյունքում ստանում ենք մարդկության համար այդքան անհրաժեշտ սնունդ: «Դաշտից մինչև պատառաքաղ» առաջին հայացքից պարզ ու հասկանալի թվացող միտքն իր մեջ ներառում է խորիմաստություն, որովհետև բարձրորակ, անվտանգ սննդամթերք /իսկ որոշ զարգացած երկրներում նաև օրգանական սննդամթերք/ արտադրելու համար գյուղատնտեսության բոլոր ոլորտներում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ:

       Ստանալ բարձրորակ հումք, կառուցել վերամշակման ձեռնարկություններ /ձվի, կաթնամթերքի, մսամթերքի, պահածոների, հյութերի և այլն/, վերահսկել արտադրված մթերքի որակը, իրականացնել վաճառք և արտահանում՝ այսպիսով ունենալ ագրոբիզնես մեր երկրում և աշխարհին ներկայանալ սեփական գյուղատնտեսական մթերքներով, որը հնարավոր է և եկամտաբեր: Հնարավորությունները մեծ են, պետությունը աջակցում է ցանկացողներին բարձրագույն կրթություն ստանալու տարածաշրջանում և ձեռք բերելու փորձի փոխանակում արտերկրում:

     Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նպատակը պետք է լինի գիտական նորարարությունների տեղայնացումը ուսուցման պրոցեսում, ոլորտում նոր տեխնոլոգիաների և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն մատուցումը, տարածումը, ինչպես նաև միջազգային փորձի ներդրումը:

 

«Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների

լաբորատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, դասախոս, անասնաբուժական

գիտությունների թեկնածու Ֆլորա Իսկանդարյան

[:]