[:hy]

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համահամալսարանական Zoom առցանց  հարթակում այսօր տեղի է ունեցել «Հաղթանակների մայիսը» խորագրով առցանց վիկտորինա՝ նվիրված  Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյա հոբելյանին, Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձին և Արցախի պաշտպանության բանակի օրվան:

Եռատոնին նվիրված միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսք են ասել բուհի ռեկտոր Հ. Թոքմաջյանը և  Հումանիտար ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ,  միջոցառման  կազմկոմիտեի նախագահ Մհեր Հարությունյանը, ովքեր իրենց խոսքում նշել են, որ Մայիսյան եռատոնը, հրաշալի առիթ է կրկին անգամ վերագնահատելու և վերարժևորելու հայ ժողովրդի կերտած հաղթանակները՝ գնահատանքի ու խոնարհումի խոսք հղելով այդ հաղթնակների կերտմանն իրենց մասնակցությունն ունեցած հայրենյաց պաշտպաններին, ովքեր իրենց կյանքն անգամ չեն խնայել հայրենիքի ազատագրության սուրբ գործի համար:

Առցանց վիկտորինան վարել է Մ. Հարությունյանը, որին մասնակցել են բուհի միջին մասնագիտական կրթական և բակալավրի համակարգերի ուսանողները:

Այն ընթացել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում առաջադրվել է 10-ական հարց՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման վերաբերյալ հարցերին:

Եռատոնի թեմատիկայով հարցերին ճիշտ պատասխանած լավագույն մասնակիցները (1-ին տեղ՝ Գոռ և Հերմինե Առուշանյաններ, 2-րդ տեղ՝ Թերեզա Դավթյան, 3-րդ տեղ՝ Աննա Մուսայելյան, 4-րդ տեղ՝ Արկադի Փարամազյան, 5-րդ տեղ՝ Հարութ Հայիրյան, 6-րդ տեղ՝ Բաբկեն Ասրյան) ընդգրկվել են ՇՏՀ-ի թիմի կազմում և կմասնակցեն մայիսի 8-ին կայանալիք   համահամալսարանական Zoom առցանց հարթակում նախատեսված միջբուհական բրեյն- ռինգին:  

Ալիսա Սարգսյան

[:]