[:hy]
Ռուսախոս տղան

Արկը շեշտակի պայթեց հակառակորդ տանկի աշտարակին։ Նա ապարդյուն մի շրջապտույտ կատարեց ու անշարժ քարացավ։
Արկաձիգը Յուրի Նորիկի Գասպարյանն էր։ Կյանքի դժվարին ուղի է անցել փոքրամարմին, բայց խիզախ մարդը։ Ծնվել է 1961 թվականի մայիսի 8-ին, Բաքու քաղաքում։ Հատկանշական էր նրա մայիսին ծնվելը այն էլ հաղթանակի օրվա նախօրեին։ Փայլուն կերպով ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա տեխնիկական ուսումնարանը։ Ծառայել է նախկին խորհրդային բանակում, զորացրվելուց հետո նախ ՝ որպես զոդող, ծեփագործ,էլեկտրիկ ապա ՝ վերամբարձ կռունկի կռունկավար դարձավ։ Աշխատանքային ցանկացած ոլորտում իրեն դրսևորեց որպես հմուտ և պրոֆեսիոնալ արհեստավոր։
Սակայն խաղաղ-ստեղծագործ աշխատանքը երկար չտևեց, վրա հասան Սումգայիթյան ողբերգությունները, այնուհետև՝ Բաքվի հայաջինջ քաղաքականության ծանր օրերը։
-Ինչ անել , հայր, – հորը դիմեց մտահոգ որդին։
Հայրը կռահեց որդու միտքն ու ասաց.
-Շուտ է, տղաս,հայի ձեռքով կառուցած քաղաքը հայը չի լքի։
Դրությունը գնալով վատթարացավ։ Հայերը թողեցին քաղաքը և հեռացան, որոնց թվում էր նաև Նորիկ Գասպարյանի ընտանիքը և նրանք հաստատվեցին Մարտունի քաղաքում, որտեղ էլ ապրում են մինչ օրս։ Յուրին կամավոր զինվորագրվեց ֆիդայական ջոկատներից մեկին ուվրիժառությամբ կռվեց քաղաքն օղակած ազերիների դեմ։Կռիվը երբեմն տեղի էր ունենում ճակատ առ ճակատ, երբեմն էլ անքուն գիշերներ էր անցկացնում՝ շրջապատված քաղաքը պաշտպանելու համար։Սակայն դիրքային միապաղաղ ծառայությունը այնքան էլ դուր չեկավ երիտասարդ ֆիդայուն։
Կարճ ժամանակահատվածում նա տիրապետեց զրահատանկային տեխնիկայի բարդ արվեստին։Դարձավ T-72 տանկի հմուտ նշանառու։
Յուրիի սրտում վախ չկար, նա հաճախ էր հիշում ռուս մեծ զորավար Սուվորովի խոսքը:
-Смелого пули боятся․
Բազում գրոհներից նա դուրս եկավ փայլուն հաղթանակով ու արժանացավ լեգենդար զորավար Ավոյի ջերմ սիրուն ու համակրանքին։
Հենց որ դժվար պահ էր ստեղծվում, Ավոն դիմում էր յուրայիններին․
«Ինձ մոտ կանչեցեք այն ռուսախոս տղային»։
-Ավոն, – պատմում է Յուրին, —սիրելի էր բոլորի համար,ն ա սոսկ անվանի զորավար ու ստրատեգ չէր, այլև՝ հասարակ զինվոր ու զինվորի հարազատ բարեկամ։Նա բացառիկ ազդեցություն թողեց իր հրամանատարության ներքո կռվող զինվորների վրա։ Ավոն բարձր էր գնահատում գաղափարապես զարգացած զինվորին։
-Իսկական զինվորը,-ասում է նա, – պետք է ինքն իրեն հարցնի․ ինչի՞ և ինչպե՞ս եմ կռվում և ո՞ւմ համար ։
-Եվ ապա՝ զինվորի համար <Վախ> բառը չպտի լինի գրոհի ժամանակ, անգամ օրհասական պահին, նրա մտահորիզոնում պիտի լինի միայն մի բառ՝ հաղթանակ ու էլի հաղթանակ, էլ ուրիշ ոչինչ։
Սրանք հասարակ բառեր չեն, այլ՝ զինվորի համար կենսարար ուժի հուսալի աղբյուր։ Բառերն այդ թանկարժեք մեկնըդմիշտ խարսխվեցին Յուրիի գլխում և մինչև վերջ դարձան նրա կյանքի անխափան ուղեկիցը։
Իսկ ռուսախոս տղան, իրոք, պատվով էր կատարում մարտական յուրաքանչյուր առաջադրանք։
Ահա մի դեպք Իսա լեռան բարձունքը գրավելիս։
Ավոն Յուրիին մարտական առաջադրանք էր տվել՝ամեն գնով խափանել ազերիների տանկային գրոհը։ Առաջադրանքի կատարումը դժվար էր, բայց Ավոյի հրամանը չկատարելը՝ անհնարին։ Յուրին հակագրոհի դուրս եկավ իր անձնակազմով։ Քիչ անց կարծես հողի տակից հայտնվեց թշնամու տանկային շարասյունը։ Յուրին աշտարակի դռնից դուրս եկավ,նիջավ ներքև,ատամները կրճտացրեց,կայծակի արագությամբ նստեց վարորդի տեղը և առաջ անցավ։ Պահն օրհասական էր։ «Մա՛հ կամ հաղթանա՜կ»,- ինքն իրեն արտաբերեց և արգելակեց ընթացքը։ Ակնթարթորեն բարձրացավ աշտարակը, գրավեց նշանառու տեղը և անվրեպ կրակելով շարքից հանեց թշնամու առաջին տանկը։ Տանկն անապատի թույն կուտակած օձի պես մի գալարապտույտ գործեց ու անշարժացավ։ Մյուսները ետադարձի ճամփան բռնեցին։ Հետևակը, որ կրնկակող գալիս էր շարասյան ետևից, խուճապահար այս ու այն կողմը ցրվեց։ Յուրին առիթը բաց չթողեց, գնդացրով նստացրեց նրանց շարքերը։
Շուտով Իսա լեռը մաքրվեց ազերիներից։ Հաղթանակն ապահովված էր։
«Յուրայինները, ի նշան հաղթանակի, փոքրամարմին Յուրիին ձեռքի վրա օդ բարձրացրին»։ Դա Յուրիի կյանքի ամենաերջանիկ օրը դարձավ։ Հայրենիքը բարձր գնահատեց Յուրիի անձնուրաց հայրենասիրությունը․ 1994 թվականին նոր տարվա նախօրեին Յուրին պարքևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Զինադադարից հետո նա իր հարուստ կենսափորձը հաղորդեց նորաստեղծ բանակի զորակոչիկներին։Պարգևատրվել է նաև «Հայրենյաց պաշտպան» մեդալով։ Այժմ, երբ զինադադարից անցել է 26 տարի Յուրին անցել է քաղաքացիական կյանքի և հպարտ է, որ անհավասար կռիվներում հերոսաբար կռվեց ու հաղթեց։
Աննա Էրիկի Մուսայելյան
ՇՏՀ Տեղնոլոգիական ֆակուլտետ,
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ II կուրսի ուսանողուհի
[:]
