[:hy]

 Գեղեցիկ է իմ հայրենի երկիրն իր փթթուն այգեստաններով,  թավուտ անտառներով, սրբատաշ խաչքարերով ու հինավուրց բերդերով: Գեղեցիկ են նրա լուսնկա գիշերները, ժայռերից գահավիժող գետակների սրընթաց վայրեջքը, ականակիտ աղբյուրների հոգեպարար մեղեղին: Ուրիշ թովչանք ունեն նրա ծաղիկները, որոնք իրենց բույրը չեն խնայում մարդկանց արբեցնելու  համար: Գեղեցիկ է նա իր խրոխտ լեռներով,որոնք պատրաստ են վտանգի պահին սատար լինել իրենց ծոցում արարող շինականին, ամու՜ր-ամուր կանգնել նրա թիկունքին: Հիասքանչ է նա իր ծվեն-ծվեն եղած ամպերի արանքից ժպտացով արևով … Հպարտ Է իր կապանք չսիրող բնությամբ, ազատություն տենչող մարդկանցով, որի համար էլ թանկ վճարեց: Հայրենիքս ունի լաջվարդ  մի երկինք,որը վկան է եղել իր երկնակամարի տառապանքներին՝ հնուց իվեր: Եղավ և այնպես, որ խաղաղ ու բիլ երկինքն այդ սևակնեց թշնամու ըմբոստ դաժանությունից: Արկերի տեղատարափ եղավ, սարսափ անձրևեց, ու մահը փռեց իր ժանտ երախը, որ կուլ տա երազանքներ, սեր,չծնված թոթովանքներ:

  …Ծնվեց հրեղեն մի սերունդ, որը ոտքի ելավ մահվան դեմ առ դեմ: Ելավ ու փրկեց մեր երազները,մեր մանուկներին, ծնողներին մեր ծեր, մեր հողն ու ջուրը,նաև հայրենին՝ պատիվը մեր տան:

Ազատագրեցին մեր գողտրիկ աշխարհը և ունեցանք կայացած,  բայց չճանաչված  մեր հայրենիքը՝ քաջազուն որդիներով ու վտանգված սահմաններով:

 Պարտված թշնամին չի հանգստանում՝ երկիրը նսրից գրավելու մոլուցքով տարված: Բայց հայ զինվորը գերազանց է կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպ և դիմակայում է թշնամու սադրանքներին:

2016 թվականի ապրիլ … Արյունոտ սուրը նորից կախվեց  հայ ժողովրդի գլխին: Արծաթավայլ Խաչենն ու Թարթառը պղտորվեցին: Ջուրը սովորական հունով չընթացավ: Երկինքը կիտեց նոթերն ու լաց եղավ: Կյանքը զմռսվեց :Ողջ հայությունը մի բռունցք դարձավ:

Ազգովի ոտքի ելան ու հարյուր քսան հայորդի նորից ու նորից իր արյամբ սրբացրեց հայրենի հողը: Նրանք զոհվեցին ազատությունը փրկելու համար, աշխարհի  ծնած սապատը մի կերպ ուղղելու համար: Իրենց ասպետական նկարագրուվ նրանք ցնցեցին աշխարհն ու պաշտպանեցին հայրենիքը: Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Արցախն ունի հայրենիք հասկացությունը ամեն ինչից վեր դասող հայորդիներ: Նրանց քաջության շնորհիվ  հաղթանակի աղավնին նորից սավառնեց մեր հնամենի հողի վրա: Նրանց կյանքը մի սրբազան զոհողություն էր այն զոհասեղանի առջև, որի անունն է Հայրենիք:

Ու … նորից ծնվեց գարունը:

Համառորեն դիմադրող հայրենի անտառում նոր շիվեր են դուրս գալիս ընկած կաղնիների տեղ: Հավերժ ջահել անտառը ուղղում  է մեջքը՝ սրտում անթեղելով վիշտը: Խշշում է Խաչենն ու խաղաղ առավոտի մեջ ձայնն սովորականից բարձր է հնչում, իմ Արցախ երկրի առավոտն է ավետում: Եվ այսօր իմ սերնդակիցներին է վստահված այդ սուրբ երկրի պաշտպանությունը:

Գիտենք նաև, որ մեզ վիճակված է դժվարին մի երթ: Երթ, որը կլինի արյան կանչ, իքնահաստատման ու ինքնաճանաչման տենչ: Մեր նախնիների անունները հնչեցնելով որպես աղոթք՝ թշնամու հանդեպ կլինենք անողոք, բռնության դեմ՝ անհաշտ:Կկերտենք մի փառք, որ երգվի դարեդար:Կանենք ամեն ինչ, որ գարունները գան ու մնան մեր հայրենիքում, որ խաղաղությամբ բացվեն այս սրտաչափ ու բարի հողի արշալույսները:Իսկ եթե նորից կրկնվի պատմությունը, մենք էլի կունենանք մի վերնագիր՝ Հաղթանակ…

Սերոբ Միրզաբեկյան

ՇՏՀ ուսանող

[:]