[:hy]
Հանրահայտ պատմություն է, որ Խորհրդային Միության լեգենդար մարշալ Գ. Կ. Ժուկովը, ստանալով Մարտակերտի շրջանի կանանց ուղարկած ծանրոցը, անձնական նամակով նրանց պատասխանել է. «Ձեր մարզի կանայք ընթանում են Կարմիր բանակի հաղթանակի համար թիկունքում աշխատող ժողովրդի ավանգարդում։ Ձեզ ցանկանում եմ ակտիվ ու բեղմնավոր աշխատանք՝ թշնամու նկատմամբ լիակատար հաղթանակ ապահովելու համար»: Ըստ որոշ տվյալների՝ արցախցիներն, ընդհանուր առմամբ, պաշտպանության ֆոնդ են հանձնել 42 մլն ռուբլի, 6 կգ ոսկի, 600 կգ արծաթ, ռազմաճակատ է ուղարկվել 22 հազար ծանրոց, 72 հազար կտոր տաք հագուստ, 7620 լիտր թթի օղի և թթի սպիրտ: Հայրենյաց պաշտպաններին, զինված ուժերին աջակցելու ավանդույթն Արցախում ձևավորվել է հնուց անտի: Շատ են նաև Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին մեր ժողովրդի լավագույն զավակների նվիրատվությունների օրինակները, որոնց մասին պատմությունները երբեմն առասպելական են թվում, բայց իրական են այնքան, որքան կյանքը:
Անշահախնդիր նվիրատուներից Վարդանուշ Շամիրի Օհանջանյանը ծնվել ու մեծացել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում: Մի առանձին ակնածանքով է ապրել հայրենի գյուղում, երբեք չի սիրել օտար ափերը: Նրա համար հարազատ են եղել մայր հողի ամեն մի բուռը, անգամ ծառի ամեն մի թուփը: Հայրենի գյուղից հեռու ապրել է Մարտակերտ քաղաքում: Իսկ երբ 1988 թ. սկսվեց ազգային ազատագրական շարժման նոր փուլը և թուրքերը հարձակվեցին մեր հայրենիքի վրա. գյուղը, հողն ու ջուրը, տուն ու տեղը յուրաքանչյուր կարմիրավանցու համար ավելի քաղցրացան: Նամանավանդ Կարմիրավանի սահմաններից թշնամին հեռու չէր…
Սկսվեցին զանգվածային հանրահավաքները, որոնց մասնակիցները միահամուռ վանկարկում էին. «Արդար պահանջ, ոչ մի՛ նահանջ», «Հա՜-յա՜ս-տա՜ն», «Մի՜-ա՜-ցու՜մ» կոչերը: Հանրահավաքներին հաջորդեցին թուրքերի սադրած միջադեպերը, քարկոծումները… Ազատատենչ մարդկանց բազմությունը, համայն աշխարհի հայությունը համախմբված ոտքի ելան… Իրար հաջորդեցին դժվարություններով լեցուն օրերը: Առաջին հերթին վտանգված հայկական գյուղերում ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ…
…Շարժումից երկու ամիս չանցած Վարդանուշ Օհանջանյանը լսեց, որ Կարմիրավանը ծանր դրության մեջ է: Անհապաղ մեկնեց հայրենի գյուղը և իր աչքերով տեսավ այն ջահելներին, որոնք կամավոր եկել էին Հայաստանից և պաշտպանում էին սահմանամերձ գյուղն ադրբեջանցի ելուզակներից: Նրա հիշողության մեջ մնացին առաջին պաշտպանների` Զավերիկի, Ռազմիկի, Ռաֆոյի, Ռոմիկի անունները, որոնց նա հանդիպել է Կարմիրավանում: Բնակիչները ցրված էին և մեկը չկար, որ հայրենանվեր տղաների համար ճաշ պատրաստեր, մայրաբար հոգ տաներ նրանց մասին, որոնք գիշեր-ցերեկ դիրքերում էին և աչալրջորեն հսկում էին, որ թշնամին հանկարծ չխախտի սահմանը: Եվ արցախուհին հարազատի նման մոտեցավ, ասաց` «տղե՜րք ջան, Ձեր ցավը տանեմ, ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել»: Տղաները, թե` «ոչ մի բան պետք չէ, մորքուր ջան: Շնորհակա՜լ ենք»: Եվ տակնուվրա եղավ Վարդանուշ մորքուրի ներաշխարհը, նրա ապրումները բառերով նկարագրել հնարավոր չէ… Նա համագյուղացի Ալբերտ Ափյանի ներկայությամբ տղաներին սննդամթերքով հյուրասիրեց, ապա անհրաժեշտ ծախսերի համար առձեռն փոխանցեց 1000 ռուբլի: Խոստացավ, որ իր տնտեսած գումարներից էլի՛ կհասցնի հայրենիքի պաշտպաններին…
Հետդարձի ճանապարհին դարձյալ խորհեց նրանց մասին. իրոք հերոսական գործ են կատարում մեր տղաները, տաք ու ցրտին, սոված-ծարավ, ո՞նց են դիմանում:
Վարդանուշը միայնակ կին էր, հարազատներից ոչ ոք կողքին չէր: Նրա խղճի ձայնը հուշեց, որ կամավորական հայրենակիցներն էլ, փաստորեն, իրեն են պաշտպանում և նրանց ընդունեց իր հարազատ որդիների պես, որոնց համար չէր խնայի ոչինչ, անգամ՝ կյանքը: Այդ մտորումների մեջ էր (հայրենիքը հիրավի ճակատագրական պահեր էր ապրում), Մարտակերտի տեղական ռադիոյով լսեց հայտարարություն. «Հարգելի հայրենակիցներ, թուրքերը Քելբաջարից հարձակվում են Մարտակերտի վրա, չունենք վառելիք, ով ունի խնայած կամ հայթայթած վառելանյութ, թող բերի»: Նա ուներ 24 լիտր դիզվառելանյութ, որն անվարան նվիրեց շտաբին:
Ավելի ուշ, երբ զգացվեց պատերազմի հոտը, և Ինքնապաշտպանության ուժերը զենքի ու զինամթերքի, զրահամեքենայի ու փոխադրամիջոցների կարիք էին զգում, Վարդանուշը կրկին ներկայացավ շրջանային ուժերի շտաբ, որտեղ հանդիպեց ինքնապաշտպանության պատասխանատու, հրամանատար Վագիֆ Գալստյանին: Ասաց, որ ուզում է իր հնարավորությունների սահմաններում օգնել մեր բանակին: Վ. Գալստյանն ասաց. «Շատ լավ, գնացինք»:
Միասին գնացին նախկին գիշերօթիկ դպրոցի շենքը, որը վերածվել էր ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զորանոցի, հանդիպեցին ռուս փոխգնդապետի հետ: Վարդանուշն առանց սեթևեթանքի հայտնեց իր մտադրության մասին: Մասնավորապես, նա խնդրեց ոսկու դիմաց ինքնապաշտպանության ուժերին տրամադրել մեկ զրահամեքենա: Թեև փոխգնդապետը զարմացավ, բայց խոստացավ մի բան անել: Հուզմունքից Վարդանուշի սիրտը քիչ էր մնում պայթեր:
Մի առ ժամանակ անց իրավիճակը դարձյալ սրվել էր: Նորից ներկայացավ շտաբ: Այնտեղ խորհուրդ տվեցին դիմել Վլադիմիր Բալայանին կամ Լեոնիդ Ազգալդյանին: Նույն օրը մոտեցավ Վլադիմիրին, նրա հետ խոսակցությանը ներկա էին նաև Լեոնիդը, Մանուկը, և հայտնեց մեր նորաստեղծ բանակին օգնելու իր մտադրության մասին: Իսկ այն անփոփոխ էր, վճռել էր անպայման մի զրահամեքենա գնել իր ունեցած ոսկով: Ու հանձնեց 227 գրամ ոսկե զարդեղենը: Դա նրա անկեղծ ու սրտաբուխ նվիրատվությունն էր մեր ազատագրական պայքարին: Եվ դրա համար նա երբեք չի ափսոսացել, չի զղջացել: Ավա՜ղ, այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն Վլադիմիրը, Լեոնիդը, Մանուկը և շատ-շատերը: Բայց նրանց շնորհիվ մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայրենիքում: Վարդանուշն իր ընտանիքով Մարտակերտում ապրել է իր հոգս ու ցավով: Ավերված տունն է վերակառուցել, ծառ ու ծաղիկ աճեցրել, հավ ու ճիվ պահել, անասուն բուծել: Հպարտ է, որ դարձյալ քայլում է իր հայրենի քաղաքով, շրջում է բաց ճակատով ու համարձակ: Ուրախ է մեր հայրենասեր ու լավ կռվող տղաներով: Նա երբեք նրանց չի մոռացել: Եվ անսահման հպարտ է մեր հերոսներով, մեր զոհված ազատամարտիկներով, որոնք չխնայեցին իրենց կյանքը… Հպարտ է իր ազատ ու անկախ Արցախով, իր գեղեցիկ ու գողտրիկ բնաշխարհով: Երբեք մտքովն իսկ չի անցել իր հայրենի հողը լքել, ընդհակառակը, կոչ է արել օտար ափերում գտնվող բոլոր մարտակերտցիներին` վերադառնալ ու տիրություն անել մեր սուրբ հողերին, հայրենի օջախներին:
Նրա հավատամքն է, որ միայն համազգային միասնությամբ և հայրենատիրության նպատակին վճռականորեն հետամուտ լինելով՝ մենք կամրապնդենք այնքան թանկ գնով նվաճված մեր ազատությունը և անկախությունը…
Մհեր Հարությունյան
պ.գ.թ., դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ
[:]