[:hy]

Ժամանակը ծնում է իր հերոսներին, որոնց ստվարացող շարքերից սերում են առաջնորդներ ու հրամանատարներ: Նման անհատականություններ էին Լեոնիդ Ազգալդյանը եւ Վլադիմիր Բալայանը։ Արցախի ազատագրական պայքարին զինվորագրված այդ քաջորդիները հանդիպեցին Հյուսիսային Արցախում 1990թ. հունվարին, երբ համատեղ կասեցվում էր Ազատ, Մանաշիդ եւ Գետաշեն բնակավայրերի վրա հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումը։ Թերեւս այս անհավասար գոտեմարտից հետո Լ. Ազգալդյանն արագացրեց իր  վաղեմի մտահղացման` կանոնավոր բանակի ստեղծման աշխատանքները։

Այդ խնդրով մտահոգված էր նաեւ Վ. Բալայանը, ուստի սիրով համագործակցեց նրա հետ։ Մինչ Լ.Ազգալդյանը, 1990թ. փետրվարին ստանձնելով «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպում էր Հայաստանի սահմանամերձ մի շարք  շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, Վ. Բալայանն իր ջոկատով օգնության էր հասնում Այգեստանի կամ Քաջավանի, Կիչանի կամ Չափարի պաշտպաններին՝  նրանց տոգորելով հաղթելու հավատով ու վճռականությամբ։ Ինչպես Վ. Բալայանը չէր կարող բավարարվել միայն Մարտակերտի շրջանի պաշտպանությամբ, ուստի՝ հայտնվում էր նաեւ Շահու մյանի եւ Հադրութի շրջաններում, այնպես էլ Լ.Ազգալդյանը չէր կարող գոհանալ Հայաստանի սահմանամերձ գոտու պաշտպանությամբ, քանզի նա աոաջիններից մեկը գիտակցեց, nր ազգի ճակատագիրը վճռվում է Արցախում։ Ազատագրական պայքարի հենց այդ աոաջնադիրքում էլ Լ. Ազգալդյանը տեսնում էր իր տեղը։

Հյուսիսային Արցախում նախկին խորհրդային բանակի եւ Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների իրականացրած «Օղակ» ոազմագործաղությունն իր շարունակությունը գտավ նաեւ Շահումյանի շրջանում՝ Բուզլուխ, էրքեջ եւ Մանաշիդ բնակավայրերի բռնազավթմամբ։ Հենց այդ դժվարին օրերին էլ Լ. Ազգալդյանը սփյուռքահայ Հովսեփ Հովսեփյանի եւ այլոց հետ հիմնադրեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թերեւս, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության եւ փոխգործակցության անդրանիկ արտահայտություններից էր։ Վ. Բալայանը ստանձնեց այդ կազմակերպության «Արցախ» ճակատի հրամանատարությունը։  Նրանք ստեղծեցին կարգապահ ու մարտունակ զորախումբ, որի ներկայությունն իսկ մարտադաշտում հաղթանակի գրավականն էր:

Մեծապես օգնում էր Գետաշենում, Մանաշիդում, Բուզլուխում, Էրքեջում, Կարաչինարում, Ծամձորում, Տողում, Իմերեթ-Քերեւենդում, Աղդաբանում, Չայղովուշանում եւ այլուր ձեռք բերված մարտական փորձը։ Երկաթյա կարգապահության, մշտական մարզումների եւ փոխադարձ վստահության շնորհիվ մարտական գործողությունների երկու տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցելով երկու տասնյակից ավելի գյուղերի ազատագրական եւ մի ամբողջ շրջանի պաշտպանության մարտերին, զորախումբն ունեցավ ընդամենը 4 զոհ։ Համաձայն հրամանատար Վ. Բալայանի պատվիրանի, զինվորները, թեեւ հաղթահարել էին մահվան սարսափը, պարտավոր էին պահպանել իրենց կյանքը, քանի nր այն պատկանում էր Հայրենիքին։

Վ. Բալայանի ջոկատի մարտական ուղու կարեւոր հանգրվաններից էր Սրխավենդի եւ հարակից գյուղերի կրակակետերի ճնշման ռազմագործողությունը 1992թ. մարտի 12-ին, երբ «Վլադիմիրի տղաները» փայլեցին իրենց խիզախությամբ ու սրընթաց հարձակումով։

1992թ. ապրիլի 10-ին Մարաղայի համար մղված ծանր մարտերում վիրավորվեցին Լ.Ազգալդյանը եւ Հ.Հովսեփյանը։ Վ. Բալայանը Ստեփանակերտից հասավ զահատեխնիկայով եւ հընթացս մտնելով Մարաղա՝  նպաստեց հակառակորդի խուճապին ու փախուստին։ Այդ եւ մյուս մարտերն ամրապնդեցին հավատը երկու նվիրյալների ու նրանց զինակիցների հանդեպ, նրանց անունները դարձան հաղթանակի եւ հերոսության խորհրդանիշներ։ Պարոն Լեոնիդը, ինչպես նրան դիմում էին զինվորները, համոզված էր, nր անկախության հասնելու համար անհրաժեշտ է երկարատեւ պայքարի նախապատրաստվել՝  հոգեբանորեն եւ բարոյամարտական բարձր որակներով։ Այդպիսին էին նաեւ նրա ուսուցանած եւ պատրաստած մարտիկները։  

Հանուն այդ մեծ պայքարի զոհվեց Վ. Բալայանը 1992թ. հունիսի 9-ին Այգեստան(Չայլու) գյուղի պաշտպանական դիրքերում։ Լ. Ազգալդյանը ծանր տարավ գաղափարակցի ու մտերիմ զինակցի կորուստը։ Դրան գումարվեց նաեւ Շահումյանի ու Մարտակերտի շրջանների մի մասի կորստյան վիշտը։ Վ. Բալայանի բացակայությունը զգացվում էր, բայց Լ. Ազգալդյանի ներկայությունը շարունակում էր ոգեշնչել մարտնչողներին։ 1992թ. հունիսի 21-ին, Տոնաշեն գյուղի մոտ, դժբախտաբար, զոհվեց նաեւ Լ.Ազգալդյանը։ Դա Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանության ուժերի կրած երկրորդ անդառնալի կորուստն էր, ինչը եւս ցնցող ներգործություն ունեցավ մարտիկների վրա։ Այդուհանդերձ, նրա եւ Վ.Բալայանի ազատաբաղձ ոգին, նրանց հիշատակի հանդեպ   ակնածանքը եւ սկսած գործը շարունակելու վճռականությունը մարտիկներին զերծ պահեցին բարոյահոգեբանական անկումից, դեռ ավելին՝  նրանք ուժ գտան իրենց մեջ՝ մարտնչելու ռազմաճակատի ամենադժվար տեղամասերում եւ միշտ բարձր պահելու հրամանատարների  անունները։

2012 թ.  հունիսի 9-ին Մարտակերտում կազմակերպվել էին Վլադիմիր Բալայանի զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Հայրենի Աղաբեկալինջի եւ հերոսի անունը կրող Մարտակերտի դպրոցի սաները գրական գեղարվեստական մոնտաժով, Վ. Բալայանի մարտական ընկերներն իրենց վերհիշումներով թարմացրին հերոսի հուշը մեր սրտերում: Սիրվարդ Մարգարյանի «Ոգու լեգենդը» գրքի շնորհանդեսը, որը Վ. Բալայանի կյանքի ու գործունեության վավերագրությունն է, եկավ ամբողջացնելու օրվա խորհուրդը:

Գրեթե միաժամանակ լույս տեսավ և ընթերցողին հասավ նաև Լեոնիդ Ազգալդյանի մասին  պատմող  «Սա Հայաստան է և` վերջ» գիրքը, որ  հեղինակել է ռադիոլրագրող Գոհար Մարտիկյան:  

Գրվել ու դեռ գրվելու է այդ երկու քաջորդիների մարտական ուղու եւ ազգանվեր ձեռնարկումների մասին, որոնք սերունդներ են դաստիարակելու։ Անհնար է ներկայացնել նրանց կատարած  գործերը։ Առավել եւս՝ դրանք վերաիմաստավորել ու տալ արժանի գնահատական։ Սակայն մի կարեւոր հանգամանքի մասին պետք է   անպայման նշել։ Լ. Ազգալդյանը եւ Վ. Բալայանը ոչ միայն կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարակիրներ ու ռահվիրաներ էին, այլեւ այդ ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերի հեղինակները։ Քայլեր, որ կատարվում էին մարտական գործողություններին զուգընթաց եւ հենց մարտադաշտում, կյանքի պահանջների թելադրանքով։ Սխալված չենք լինի, եթե «Ազատագրական բանակը» եւ նրա «Արցախ ճակատը» համարենք Պաշտպանության բանակի նախօրինակը, եւ Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ իրենց ուրույն տեղը զբաղեցրած միավորներ։ Այս է, թերես, Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ամենամեծ ծառայությունը…

Մեր հայրենիքի պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին 2019 թ. օգոստոսի 31-ին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

Մհեր Հարությունյան

 պ.գ.թ., դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ

[:]