[:hy]

Հունիսի 12-ը տխուր հիշողություններ է արթնացնում յուրաքանչյուր հայ անհատի մոտ, մտովի մեզ հասցնում Արցախյան պատերազմի դժվարին ժամանակամիջոցներից մեկը, երբ հակառակորդը ԱՊՀ ԶՈՒ Գանձակում տեղակայված դիվիզիայի միջոցով լայնածավալ հարձակման անցավ ԼՂՀ սահմանագծի ամբողջ երկայնքով: Այդ դժնդակ օրերին, 1992 թ. հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի մոտ զոհվեց մեր բանակի զրահատանկային ծառայության հիմնադիրներից մեկը` Յուրի Պողոսյանը: Իսկ մեկ տարի անց, նույն օրը մենք կորցրինք կենդանի լեգենդ դարձած հրամանատարներից մեկին` Մոնթե Մելքոնյանին: Երկու քաջորդիներն էլ հետմահու արժանացել են Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումներին: Երկու ասուպ հերոսների համաստեղությունից, որոնց օրինակով մեր երիտասարդ սերունդներն են դաստիարակվում և որոնց նմանությամբ դիրքապահ հայ զինվորներն են խիզախում անարգ ոսոխի դիվերսանտներին հակահարված հասցնելիս կամ ամենօրյա մարտական հերթապահություն տանելիս:

Յուրի Պողոսյանի` հմուտ զինագործի և հեռատես հրամանատարի ձիրքը բացահայտվեց ազատագրական պայքարի շնորհիվ:  Նրա  վերանորոգած և Արցախի ինքնապաշտպանության ուժերի զինանոցը համալրած առաջին  զրահամեքենան, որի անձնակազմի անդրանիկ հրամանատարը հենց Յու. Պողոսյանն էր, դարձել է հուշարձան նրա անունը կրող զորամասում և հերոսի անցած ուղու վկայություններից է: Նմանապես և նրա ստեղծած արհեստանոցը, որտեղ հնարավոր չէ մտնել առանց ակնածանքի… Յուրի Պողոսյանը, մասնակցելով բազմաթիվ   մարտերի, հանդես է բերել  վարակիչ  արիություն, ոգեշնչել մարտական ընկերներին և, այդպիսով, մոտեցրել հաղթանակը:

ՊԲ զորամասերից մեկում  Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան ու զոհվելու տարեդարձների առթիվ ավանդական դարձած միջոցառումների անցկացումը, որոնք ոչ  միայն նրա անմար հիշատակի պահպանման արտահայտությունն են, այլ նաև սերունդների դաստիարակման, մերօրյա հայրենյաց պաշտպաններին ոգևորելու գործընթացի հետևողական իրականացում, տարեց տարի ավելի են իմաստավորում հայրենիքի արժանի զավակի իմաստալից ապրած կյանքը և հայրենանվեր գործունեությունը:

Գաղափարական ու մարտական փայլուն պատրաստություն անցած Մոնթե Մելքոնյանը   չէր կարող անմասն մնալ իր պատմական հայրենիքում ծավալված ազատագրական պայքարից: Արդեն իսկ 1990 թվականի աշնանը գաղափարի մարտիկը և հմուտ ռազմիկը կամավորագրվեց Արցախի պաշտպանության գործին:

Մոնթե Մելքոնյանը, որն Ավո հեղափոխական անունն էր ստացել, թերևս, առաջիններից էր, որ հանուն  Մայր Հայաստանի հետ վերամիավորման արցախցիների պայքարը գնահատեց իբրև Հայրենիքի կորսված բեկորների ազատագրման բացառիկ հնարավորություն: Այդ համոզմամբ էլ նա կապվեց  Արցախին, որը դարձել էր  պետականության վերականգնման ու ազատագրական պայքարի կիզակետը: 1991 թ. սեպտեմբերի 14-18-ը մասնակցելով Շահումյանի շրջանի Այրքաջ, Սառնուտ և Մնաշեն բնակավայրերի ազատագրման մարտերին, Ավոն հասկացավ, որ Արցախում իր պես արհեստավարժ մարտիկների կարիքը շատ է զգացվում: Ուստի, կարճատև բացակայությունից հետո նա կրկին Արցախում էր, և արդեն` որպես Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ գլխավորապես հենց նրա անվեհերության և մարտավարական բարձր վարպետության շնորհիվ ԼՂՀ-ի արևելյան սահմանագծի Մարտունու հատվածը վերածվեց անառիկ ու անմատչելի ամրոցի: Հակառակորդը հարյուրավոր զինվորներ և տասնյակ միավոր մարտական տեխնիկա է կորցրել Մաճկալաշենի, Սոսի, Ճարտարի և Կարմիր Շուկայի մատույցներում, որոնց պաշտպանությունն անմիջականորեն ղեկավարում էր Ավոն: Ակնառու է Մոնթե Մելքոնյանի ներդրումը Մարտակերտի շրջանի ազատագրման ու Քարվաճառի կրակակետերի ոչնչացման ռազմական գործողությունների պլանավորման, կազմակերպման ու իրականացման գործում: Մարտունու, Աղդամի շրջանների սահմանագծում մարտը վերջինը եղավ Ավոյի համար… Հանուն մաքառող Արցախի չխնայելով կյանքը՝ Ավոն իր վարակիչ հերոսականությամբ ու նվիրումով սրբագործեց այն հավատը, որ երկուստեք կար և ամրապնդվել էր պատերազմի փորձություններով: Ժողովուրդը հավատում էր իր հերոսին, համոզված լինելով, որ «Եթե Ավոն Մարտունիում է, ուրեմն այն անառիկ է»: Ավոն էլ իր հերթին անսահմանորեն հավատում էր ժողովրդի ներուժին ու նրա հաղթանակին:

Մոնթե Մելքոնյանն ապացուցեց և, հաստատ, ինքն էլ համոզված էր, որ միայն հայրենի հողի ու մայր ժողովրդի սերը կարող է փառքի լուսապսակ դնել մարդ արարածի գլխին, դեռևս կենդանության օրոք առասպել դարձնել նրա անունը: Երբեք փառքի չձգտած Ավոյի օրինակով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ միայն հայրենի հողի ազատագրումն ու անկախ պետականությունը, լինելով ազգի հարատևության ու բարգավաճման կարևոր գործոններ, կարող են արժանի հուշարձան լինել ազգի նվիրյալ նահատակների համար…

Իսկը Մոնթե Մելքոնյանի և Յուրի Պողոսյանի մասին է ասված, որ հասարակ մահկանացուներն ապրում են մինչեւ մեռնելը, իսկ Մեծերը` մեռնելուց հետո: Ահա թե ինչու այդ երկուսի հիշատակը նրանց կենդանի ներկայությանը համազոր ազդեցությունն ունի ամենքիս վրա: Ավոյի թևավոր դարձած իմաստուն արտահայտությունը` «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը…»,  պատերազմող հայ ժողովրդի ու զինված ուժերի նշանաբանն էր դարձել, և այսօր էլ չի կորցրել իր հրատապությունը: Այն հասցեագրված է նաև գալիք սերունդներին, որպես Հայաստանի միջնաբերդը` Արցախ-Սյունիք երկրամասը, անառիկ ու անմատչելի պահելու պատգամ: Եվ դա երիցս իմաստավորված ու պարտավորեցնող է այն պարզ պատճառով, որ հայ ազգային ազատագրական պայքարի փայլուն դեմքերից մեկին` Ավոյին է պատկանում, որի անունը սրբություն է յուրաքանչյուր արցախցու, ամեն մի ազնիվ հայի համար, խորհրդանիշ է պայծառ ու անմնացորդ հայրենասիրության, մարդկային վսեմ նկարագրի, ազնվության և սխրագործության:

Ինչքան էլ հարահոս ժամանակը մեզ հեռացնի մեր սիրելի հերոսների ապրած օրերից, միևնույն է, անզոր է գտնվելու մոռացության ստվեր գցել նրանց մեծագործությունների վրա: Նմանապես և Մոնթե Մելքոնյանի ու Յուրի Պողոսյանի արցախյան հերոսապատումը դարերին միտված հայրենասիրության ու ոգեղեն լիցքերի  խորհուրդ ունի, ինչը խանդավառելու է նորանոր սերունդների` ավարտին հասցնելու Ավոյի, «կուճուր Յուրայի» և նրանց  զինակցած ժամանակակիցների սկսած գործը…

 

Մհեր Հարությունյան

 պ.գ.թ., դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ

[:]