Ստեփանակերտում եռակողմ հուշագիր է կնքվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի միջև: Հուշագրով կողմերը պարտավորվում են ՇՏՀ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ապահովել «Համակարգերի տեսություն» մասնագիտության բացումը գալիք ուսումնական տարվանից:
Հուշագիրը ստորագրել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Վահագն Պողոսյանը։
«Իրական դպրոց»-ի մուտքը Արցախ ողջունել է պետական նախարար Արտակ Բեգլարյանը. «Այսօր «Իրական դպրոց»-ն Արցախում անհրաժեշտություն է: Համոզված եմ, որ արդյունքները շուտով տեսնելու ենք, զգալու ենք և հասկանալու ենք, որ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համարձակ լինել ու նորարար մոտեցում ունենալ»,- ասել է Ա. Բեգլարյանը:
Հուշագրի ստորագրումից հետո «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում «Իրական դպրոց»-ի պատասխանատուները կրթամշակութային հիմնադրամի գործունեությունը ներկայացրել են դիմորդներին և նրանց ծնողներին:
ՇՏՀ լրատվական բաժին