Արցախյան 44–օրյա պատերազմի երկրորդ տարելիցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգին:

Լռության րոպեից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո համալսարանականները մասնակցել են խաչերթին, որի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են դեպի հուշահամալիր՝ ձեռքերում պահելով պատերազմում զոհվածների նկարները:

Համալսարանականները զինվորական պանթեոնում մասնակցել են «Լուսո խորան» հուշակոթողի օրհնության կարգին և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 54 ուսանող սեփական կյանքն է զոհաբերել Արցախի ազատության համար․ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեր հերոսները պարտքի գերագույն գիտակցումով էին մեկնել զինվորական ծառայության և անսասան կանգնած էին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մեր քաջերը դա ապացուցեցին իրենց սխրագործությամբ ու անկոտրում կամքով»,-նշել է բուհի ուսումնագիտական աշխատանքների  գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։

 ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *