Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։
Ողջունելով Ռ․ Վարդանյանին` ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար, այնուհետև պրոռեկտոր Ռոզա Ավագյանը ներկաներին ներկայացրել է բարերարի կենսագրական տվյալները, ղեկավարած ոլորտներն ու անցած ճանապարհը։
Ռուբեն Վարդանյանը հանդիպման ընթացքում խոսել է Արցախ տեղափոխվելու իր նպատակների ու անելիքների մասին, քննարկել երկրի առջև ծառացած խնդիրները և ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը։ Կարևորելով կրթությունն ու դրանով նաև պայմանավորելով երկրի ապագան` գործարարը նշել է․ «Արցախը լուրջ ճգնաժամի մեջ է, և մեր ապագան կարող են ապահովել միայն կրթված, ազգասեր երիտասարդները»։
Անդրադառնալով քաղաքականությանը, երկրի անվտանգությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին` իր խոսքում մասնավորապես շեշտել է․ «Եթե կորցնենք Արցախը, մենք կկորցնենք նաև հայոց աշխարհը»։
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, վերջում բարերարը նշել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։
ՇՏՀ լրատվական բաժին