Հոկտեմբերի 22-23-ը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 9-րդ փառատոնը, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ իր տաղավարում ներկայացնելով սեփական արտադրանքը։
Փառատոնը կազմակերպել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը` տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, որի հիմնական նպատակն է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։
Փառատոնին ՇՏՀ ներկայացել է տարատեսակ մրգերից պատրաստված չրերի, օրգանիկ ծագում ունեցող քսուքների, եթերայուղերի, մեղրի, բուսական թեյերի, լոբու և այլ տնական ու էկոլոգիապես մաքուր մթերքների բազմազանությամբ` տեղում կազմակերպելով արցախյան խոհանոցի այցեքարտ համարվող ժենգյալով հացի պատրաստում և հյուրասիրություն։
Կազմակերպիչների խոսքով` փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդներն ու հնարավոր ներդրողները կարող են հանդիպել, իրականացնել փորձի փոխանակում, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր. «Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ստեղծել նոր կապեր տարբեր ոլորտի պատասխանատուների հետ, հարկ է նշել, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնում է նաև Արցախը և այն ճանաչելի դարձնում աշխարհին»,-իր խոսքում նշել է ռեկտորի՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արևիկ Հարությունյանը։
Միջոցառումն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով և ավարտվել մրցանակաբաշխությամբ։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տաղավարը փառատոնում ճանաչվել է լավագույնը, և բուհն արժանացել է շնորհակալագրի ու ստացել արժեքավոր նվեր։
ՇՏՀ լրատվական բաժին