Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կրէկ Պետեանին և ԱՀ պետական նախարարի խորհրդական, Մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման բաժնի համակարգող Յակոբ Իփճեանին։
Այցի հիմնական նպատակն էր գյուղական դպրոցներում կազմակերպել գյուղատնտեսությանը վերաբերող դասախոսություններ, որոնք պետք է խթանեն գյուղատնտեսական արտադրության զարգացմանը։
Հանդիպմանը, որին մասնակցել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, քննարկվել են բուհի խնդիրները, ինչպես նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ողջունելով գյուղատնտեսության ոլորտում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերը` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանը նշել է․ «Դպրոցներում իրոք պետք է բացատրեն, թե ինչ կարևոր դերակատարում ունի գյուղատնտեսությունը երկրի տնտեսության զարգացման գործում, քանի որ այն զբաղվածության ապահովման և բնակչության ընդհանուր կենսամակարդակը պայմանավորող կարևորագույն ոլորտներից մեկն է»։
ՇՏՀ լրատվական բաժին