Ուսանողների միջազգային տոնին ընդառաջ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Ուսանողական շաբաթ» խորագրով ծրագիր, որի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ. «Նման միջոցառումների նպատակն է, որ մեզանից յուրաքանչյուրն ավելի լավ իմանա Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», -մեզ հետ զրույցում նշել է ուսանողական խորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանը։
Ծրագրի շրջանակում այսօր համալսարանում կայացավ «Մեր գյուղը» խորագրով մրցույթը, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց հայրենի գյուղերի պատմությունը, տեսարժան վայրերը,
մշակութային հուշարձաններն ու սովորույթները։
Ուսանողների մասնակցությունը գնահատվել է բալային համակարգով: Ժյուրին ամենաշատ միավորները տվել է ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Բելլա Պատվականյանին, ով ներկայացրել է Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը:
Երկրորդ հորիզոնականում տեխնոլոգիական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի առաջին կուրսի ուսանող Հովիկ Պետրոսյանն է՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղից: Իսկ երրորդ տեղը բաժին է ընկել գյուղանտեսական ֆակուլտետի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արսեն Հարությունյանին՝ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից։
ՇՏՀ լրատվական բաժին