Ուսանողների միջազգային տոնին ընդառաջ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Ուսանողական շաբաթ» խորագրով ծրագիր, որի շրջանակում կազմակերպվել են ներբուհական մրցումներ։ Դրանք անց են կացվել երկու մարզաձևից՝ շախմատ և վոլեյբոլ։
Կարևորելով շախմատի և ընդհանրապես մարզական միջոցառումների անցկացումը ուսանողների զարգացման, նրանց տրամաբանության ուսուցման գործում` հումանիտար ամբիոնի դասախոս Առնոդիկ Արզանգուլյանը նշել է․ «Նման մրցաշարերը առողջ մրցակցություն են ապահովում և պահանջում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ինտելեկտուալ ուժերի առկայություն, ինչը շատ կարևոր Է կրթական ոլորտում»։
Շախմատի մրցաշարին մասնակցել են միջին մասնագիտական կրթական ծրագրերի տարբեր կուրսերի ուսանողներ:
Մրցաշարն անց է կացվել 3 փուլով՝ անհատական մրցակարգով, որի արդյունքում մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ՇՏՀ ուսանողներ Արեգ Բադասյանը, Մասիս Վարդանյանը և Սերգեյ Խաչատրյանը։
Վոլեյբոլի մրցաշարը միջֆակուլտետային էր, որին մասնակցել է յուրաքանչյուր ֆակուլտետից 2-ական թիմ։ Եզրափակիչ փուլ են անցել 4 թիմ, առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է «Հաշվապահական հաշվառում» 1-ին կուրսի 2-րդ խումբը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Հաշվապահական հաշվառում» 1-ին կուրսի 1-ին խումբը, իսկ երրորդ տեղը՝ «Քաղաքաշինական կադաստր» 1-ին կուրսի 2-րդ խումբը։
Հաղթող մասնակիցները ուսանողական խորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանից ստացել են նվերներ, պատվոգրեր և մեդալներ։
ՇՏՀ լրատվական բաժին