Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը» խորագրով միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 65-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ռեկտոր Նվեր Միքայելյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Միջոցառումը կազմակերպել էր ՇՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանը՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողների մասնակցությամբ․ «Միջոցառման նպատակը կյանքը հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման հերոսների օրինակով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելն է, ինչպես նաև մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերին ծանոթացնելը»,- նշել է Գ․ Սարգսյանը։
Նախքան միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը:
Ողջունելով ներկաներին և ներկայացնելով հերոսին որպես հայոց բանակի գաղափարական թևի ամենափայլուն ներկայացուցիչ՝ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը նշել է․ «Մոնթեն իսկապես զորավար էր, զորավարի բոլոր գիտելիքներով, համարձակության ու ամուր ոգով»։
Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական ու պարային կատարումներով, ուսանողները ելույթներ են ունեցել Մոնթեի կյանքի, գործունեության, նրա հերոսական կերպարի և մարտական ուղու մասին՝ արժևորելով արցախյան ազատամարտում նրա ունեցած դերն ու նշանակությունը:
ՇՏՀ լրատվական բաժին