Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել «Վերածնունդ» խորագիրը կրող Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ցուցահանդեսը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել քոլեջի վերջին երկու տարիների ուսանողների աշխատանքները։
Ցուցահանդեսին մասնակցել են նաև ՇՏՀ դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողները՝ դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի ուղեկցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Յու․ Հովհաննիսյանը և արժևորել հումանիտար քոլեջի տեղն ու դերը Արցախի կրթական համակարգում. «Այսօր էլ օգտագործելով անցյալի ավանդույթները`քոլեջը շարունակում է այս ծանր ժամանակաշրջանում հավատարիմ մնալ իր ազգանպաստ առաքելությանը, երբ մեր ժողովրդին առավել, քան անհրաժեշտ է հոգևոր ու բարոյական սնունդ»։
Ցուցահանդեսին հումանիտար քոլեջի ուսանողները ներկայացրել են նոր ոճով ու գաղափարներով 120-ից ավելի աշխատանք՝ գծանկարներ, գունանկարներ, կոմպոզիցիոն ու գրաֆիկական աշխատանքներ, գորգեր, կարպետներ և այլ ստեղծագործություններ։
ՇՏՀ լրատվական բաժին