Փետրվարի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է «Բիզնես էթիկետ» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ոլորտի առաջատար մասնագետ, «Քաղաքացիական Հաբ» ՀԿ համահիմնադիր Լուսինե Համբարձումյանը։
Դասընթացավարը ներկաներին տեղեկացրել է իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու արդյունավետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին։ Ներկայացվել է նաև, թե ինչպես պետք է զարգացնել ու կատարելագործել գործարար ու հաղորդակցական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կազմակերպության ղեկավարության, հաճախորդների և գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում․ «Իմիջի ձևավորման հմտություններն այսօր բիզնես հաջողության ամենակարևոր գործոններից են։ Մարդու կերպարի և նրա բիզնեսի զարգացման ուղին հարթում են արդյունավետ ինքնաներկայանալու առանձնահատկություններն ու մյուսներից տարբերվելու հմտությունները»,- կարևորել է Լ․ Համբարձումյանը։
Հանդիպումն անցել է ինտերակտիվ ձևաչափով՝ ուսանողները ակտիվորեն հարցեր էին ուղղում բանախոսին և ստանում պատասխաններ:
ՇՏՀ լրատվության բաժին