Այսօր՝ մարտի 14-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի, կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի, ուսանողական խորհրդի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի ավարտական դասարանցիների հետ:
Հանդիպմանը, որին նաև աշակերտների ծնողներն են մասնակցել, քննարկվել են դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցեր. «Տարիներ շարունակ մասնագիտության վերաբերյալ հանրակրթական տարբեր դպրոցների աշակերտներին իրազեկելու առիթ ենք ստեղծում: Սա շատ կարևոր խնդիր է, և մենք ուրախ ենք, որ ՇՏՀ-ն օժանդակում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում»,-նշել է կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Շահինե Առաքելյանը։
Արևիկ Հարությունյանը խնապատցի դպրոցականներին է ներկայարցել ՇՏՀ պատմությունը, ֆակուլտետների կառուցվածքն ու գործընկեր համալսարանների և կազմակերպությունների հետ հաստատված համագործակցությունը: Իսկ ուսանողական խորհդի ներկայացուցիչները աշակերտներին պատմել են ուսանողական կառույցների, ինքնադրսևորման տարբեր հարթակների, վերապատրաստման ծրագրերի և այլ հնարավորությունների մասին:
Դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը նվիրված հանդիպումները ՇՏՀ-ն կշարունակի նաև այլ համայնքներում:
ՇՏՀ լրատվության բաժին