Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր ամփոփել է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը՝ վերջին միջոցառումները եղել են ֆինանսական ոլորտին առնչվող խաղերի, մրցույթների տեսքով, որոնք կազմակերպվել են արտաքին կապերի բաժնի կողմից: Մրցույթի նպատակն է նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ֆինանսական գրագիտության մակարդակի զարգացմանը:
Խաղ-մրցույթում տեղ են գտել տեսահոլովակների մրցույթ, ստեղծագործական և ինտելեկտուալ խաղեր, որին մասնակցել են միջին մասնագիտական կրթական ծրագրերի և բակալավրի ուսանողներն ու հանդես եկել «Tornado», «Свастика», «АТАКА», «CryptoBit» և «Առնեմ-ծախեմ» թիմերով:
Ստեղծագործական մրցույթի կանոններին համաձայն՝ թիմերը պետք է պատրաստեին փողի կուտակման համար գանձանակ, իսկ տեսահոլովակների մրցույթին՝ փողին վերաբերող փաստերով հոլովակ։
Մրցույթին ներկայացվել են ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ և գնահատվել են նախապես ձևավորված հանձնաժողովի կողմից։ Մրցույթի արդյունքում մրցանակային առաջին տեղը ինտելեկտուալ խաղից զբաղեցրել է «Свастика» թիմը, երկրորդ տեղը՝ «АТАКА» թիմը, իսկ երրորդը՝ «CryptoBit» թիմը։ Ստեղծագործական մրցույթին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են «Առնեմ-ծախեմ», «АТАКА» և «Свастика» թիմերը։ Տեսահոլովակի մրցույթին առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են «CryptoBit» և «Առնեմ-ծախեմ» թիմերը և երրորդ տեղը՝ ուսանող Տիրգան Գաբրիելյանը։
Մասնակիցները խաղի ընթացքում ցուցաբերել են մեծ ակտիվություն և արագ կողմնորոշվելու ունակություն: Հաղթող թիմերը ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով:
ՇՏՀ լրատվության բաժին