Մարտի 20-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) միջոցառումների շարքը: Կազմակերպիչների գնահատմամբ՝ շաբաթը հագեցած է լինելու. «Փողի միջազգային շաբաթը «Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության» նախաձեռնությունն է, որի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել մեր հաստատությունում։ Այս տարի նախատեսում ենք ոլորտի մասնագետների հետ սեմինար-քննարկումներ, այցելություն բանկ, ֆինանսատնտեսական խաղ-մրցույթ և այլ միջոցառումներ»,-նշել է արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե Այդինյանը։
Միջոցառման շրջանակում այսօր ՇՏՀ-ի ուսանողների համար դասախոսություն է ընթերցել տնտեսագիտության թեկնածու Կարեն Ներսիսյանը՝ «Փողի դերը արդի տնտեսական համակարգում» թեմայով։
Բանախոսը ունկնդիրների ուշադրությունն է հրավիրել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության հիմնական նպատակներին, տնտեսական և խիստ անկայուն արժույթի արժեքի տատանումներին՝ առանձնացնելով ստեղծված իրավիճակում տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերը:
ՇՏՀ լրատվության բաժին