Ապրիլի 11-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գանձասարում կազմակերպվել է «Նկարի՛չ, Արցախ նկարիր» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել ՇՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը, Արցախի պահեստազորի սպաների միության նախագահ Կարմեն Ասլանյանը։
«Միջոցառման նպատակն էր, որ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ` անկախ մասնագիտությունից, իր ձեռքն առնի վրձինը և պատկերի իր երազած Արցախը ու վերածնունդ տա մեր վիրավոր Արցախին»,- նշել է ՇՏՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը։
Նկարչության վարպետաց դասին ներգրավված էին ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, երաժշությամբ և ազգային ավանդական խաղերով, ինչպես նաև տեղում կազմակերպվել է արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստի` ժենգյալով հացի վարպետաց դաս և հյուրասիրություն։
ՇՏՀ լրատվության բաժին