Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնը շարունակում է հանդիպումներ կազմակերպել շրջաններում՝ դպրոցների ավարտական դասարանցիների մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով:
Համալսարանի արտաքին կապերի բաժնի, կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի, ուսանողական խորհրդի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Վանք, Քոլատակ գյուղերի, ինչպեն նաև Մարտակերտ քաղաքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներ, հանդիպել ավարտական դասարանցիների հետ:
ՇՏՀ ներկայացուցիչները դպրոցականներին ներկայացրել են բուհի պատմությունը, ֆակուլտետների կառուցվածքն ու առաջարկվող մասնագիտությունները և գործընկեր համալսարանների ու կազմակերպությունների հետ հաստատված համագործակցությունը։ Իսկ ուսանողական խորհդի ներկայացուցիչներն աշակերտներին պատմել են ուսանողական կառույցների, ինքնադրսևորման տարբեր հարթակների, վերապատրաստման ծրագրերի և այլ հնարավորությունների մասին:
Կազմակերպիչները խոստացել են, որ նման հանդիպումները կլինեն շարունակական՝ դիմորդների շրջանում մասնագիտության ընտրության հարցում կայուն դիրքորոշում ձևավորելու համար:
ՇՏՀ լրատվության բաժին