Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր կազմակերպվել է արիության դաս՝ նվիրված մայիսյան եռատոնին: Այն վարել են ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը և ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Դանիելյանը։
Շնորհավորելով ներկաներին մայիսյան եռատոնի առթիվ՝ փոխգնդապետ Մհեր Դանիելյանը նկատել է, որ Արցախում բոլորի հայացքն ուղղված է դեպի առաջնագիծ, ու դա խոսում է այն մասին, որ բանակը վայելում է բոլորի հոգածությունը. «Ինչպես 2020 թվականի պատերազմը, այնպես էլ արդի համաշխարհային զարգացումները վկայում են, որ անհրաժեշտ մասնագիտական ունակություններով օժտված անհատներն են ապագան աշխարհի։ Իսկ մեր տարածաշրջանի և աշխարհաքաղաքական ներկա իրողություններն ապացուցում են, որ միայն յուրաքանչյուրիս կարողությունների՝ տվյալ պարագայում ռազմահայրենասիրական ունակությունների առավելագույն ներդրման դեպքում, մենք կկարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերներին»,- ասել է Մ. Դանիելյանը։
Կարևորելով բանակ-բուհ կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում՝ համալսարանում արիության դասի անցկացումը դարձել է ավանդական: Արիության դասին ներկա են եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը, հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը և զինղեկ Ալեքսանդր Սահակյանը:
ՇՏՀ-ի լրատվության բաժին