Այսօր՝ մայիսի 16-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գյուղատնտեսական ֆակուլտետի «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողների հետ կազմակերպվել է դաս-միջոցառում՝ «Կատաղություն» թեմայով։
«Հաշվի առնելով վերջին տարիների կատաղություն հիվանդության նշանների տարածումը մարդկանց մոտ՝ նպատակահարմար ենք գտել ուսանողներին և դասախոսներին իրազեկել, թե ինչպես պետք է հիվանդությունից խուսափել ու կանխարգելել»,-միջոցառման բացմանը նշել է ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոս, «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ի անասնաբույժ շիճուկաբան Ռադմիլա Սարգսյանը։
Ցուցադրելով թեմային առնչվող սահիկներ ու տեսանյութ՝ բակալավրիատի «Անասնաբուժություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է հիվանդության մանրամասներն ու հետևանքները, խոսել հիվանդության ախտորոշման, զարգացման, կանխարգելման, ներթափանցման և դրա դեմ պայքարի միջոցառումների մասին:
ՇՏՀ-ի լրատվության բաժին