Մայիսի 17-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսերի ուսանողների համար «Գրականություն» առարկայից կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցին, Միքայել Նալբանդյանին, Պարույր Սևակին և Վահան Տերյանին։ Դասը վարել է լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանը։
Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմներում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը, որից հետո բանախոսը ներկայացրեց գրողների կյանքն ու գործունեությունը:
Ուսանողները ներկայացրել են հետաքրքիր դրվագներ գրողների կյանքից, ասմունքել են ու հիշել հայ մեծերի խոսքերը Չարենցի, Նալբանդյանի, Սևակի և Տերյանի պոեզիայի մասին, այնուհետև ներկաները դիտել են «Չարենցի և քննիչի զրույցը բանտում» խորագրով ուսանողների բեմադրությունը:
Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ասիստենտ Գայանե Սարգսյանին և ուսանողներին՝ բաց դասը լավ կազմակերպելու համար․ «Հիացած եմ ուսանողին բացահայտելու, նրա լավագույն հատկությունները դրսևորելու մեծ ընդունակությամբ: Միջոցառումը համարում եմ ճանաչողական և ուսուցանող, իսկ ուսանողներին հորդորում եմ լինել ակտիվ բոլոր բնագավառներում»,-նշել է Մ․ Հարությունյանը:
ՇՏՀ-ի լրատվության բաժին