Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր մեկնարկել է ուսանողական վեցերորդ գիտաժողովը, որի նպատակն է հետպատերազմյան Արցախում նպաստել կրթության և տնտեսության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը. «Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մասնակիցներից շատերի համար կդառնա ինքնադրսևորվելու, փայլուն գաղափարներ կյանքի կոչելու, նախընտրած ոլորտում մասնագիտական հաջողություններ գրանցելու մեկնարկ»,-բացման խոսքում նշել է ռեկտոր Նվեր Միքայելյանը:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ազգային ժողովի և կառավարության անդամներ: Գ. Ներսիսյանի գնահատմամբ՝ պետք է աշխուժացնել Արցախի ներքին կյանքը, պայմաններ ապահովել կրթության և գիտության զարգացման համար. «Մենք փորձում ենք ձեր միջոցով աշխարհին ցույց տալ նաև, որ Արցախը մի միջավայր է, որտեղ իշխում է կրթությունը, գիտելիքը ու նաև այստեղ կա երիտասարդություն, որի առաջնային նպատակը կրթություն և գիտություն ստանալն է, որն այսօր քաղաքակիրթ աշխարհի և միջազգային հանրության տեսանկյունից քաղաքակրթության կարևորագույն ուղղություններից է և արտահայտման ձևերից»:

Ուսանողական վեցերորդ գիտաժողովի մասնակիցներին Երևանից հեռավար եղանակով ողջունել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը: Գիտաժողովի անցկացումը ողջունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը. «Ողջունելի է ՇՏՀ-ում ուսանողական 6-րդ գիտաժողովի անցկացումն Արցախի համար ոչ դյուրին և բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում։ Սա ոչ միայն վկայությունն է այն իրողության, որ մեր գիտական հիմքը ոչ միայն շարունակում է պահպանել իր կենսունակությունը, այլև ձգտում է ուղղորդել գիտական ասպարեզում իրենց առաջին քայլերը կատարող ուսանողներին՝ ժամանակին համահունչ գնահատականներ տալու մեր երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող հիմնահարցերին»։

Լիագումար նիստին զեկույցներով հանդես են եկել ուսանողներ, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում:

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *