Այսօր՝ հունիսի 5-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողները ցուցադրել են իրենց ավարտական աշխատանքները: Դրանք կրել են «Խոյակ», «Առեղծված», «Ծաղկունք», «Սև-Սպիտակ», «էլեգանտ», «Էմիլի» և «Զովք» խորագրերը։
Ներկայացվել է բակալավրիատի 7 ուսանողի հավաքածու, որոնցում արտացոլված էին ապագա մոդելավորողների՝ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, տարբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, ոճային առանձնահատկությունները․ «Ցանկացած ժողովրդի նյութական մշակույթային կարևորագույն դրսևորումներից մեկը ազգային հագուստն է՝ տարազը։ Ուսումնասիրելով և ոգեշնչվելով մեր ավանդական զարդանախշերով` ստեղծեցի «Խոյակ» անունը կրող հավաքածուն։ Կարծում եմ, որ պետք է պահպանենք ու զարգացնենք այն ամենը, ինչ ստեղծվել է դարերի ընթացքում»,- նշել է ուսանող Մերի Սուլեյմանյանը։
Ցուցադրության ավարտին դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ղեկավար Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դասախոսներին և ուսանողներին կատարած աշխատանքների համար ու նշել․ «Մենք ձեզ ուղեկցում ենք նոր կյանք, ուրախ ենք, որ մասնագետ եք դարձել և միևնույն ժամանակ տխուր ենք, որ հրաժեշտ ենք տալիս։ Հուսով ենք, որ ձեզ կտեսնենք արվեստի շրջանակներում»,-ընգծել է Հովհաննիսյանը։
ՇՏՀ-ի լրատվության բաժին