Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի նախաձեռնությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում անցկացվել է «Գեոդեզիական ցանցեր» խորագրով վարպետաց դաս, որը վարեց դեպարտամենտի դասախոս, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վահրամ Ահարոնյանը. «Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար, և կփորձեմ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք կնպաստեն ուսանողների մոտ մասնագիտական կարողությունների զարգացմանը»,-նշել է նա:

Բանախոսը «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» և «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտությունների ուսանողների հետ կիսվել է մասնագիտական գիտելիքներով, ներկայացրել ընդհանուր տեղեկություններ գեոդեզիական ցանցի և պետական գեոդեզիայի մասին, ինչպես նաև գեոդեզիական ցանցերի դասակարգումը ըստ նշանակության և ըստ տարածքի ընդգրկվածության: Վ․ Ահարոնյանը ուսանողներին ծանոթացրել է արդի գեոդեզիական սարքավորումներին, որոնք հնարավորություն են տալիս ճշգրտությամբ իրականացնել շինարարական և նախագծային աշխատանքների համար հիմք հանդիսացող գեոդեզիական չափումներ:

Վարպետաց դասին ներկա է գտնվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիլեն Սաֆարյանը, ով կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշել է, որ դրանք նպաստում են երիտասարդ մասնագետների կայացմանը. «Բավականին հագեցած և մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպված դասախոսություն էր: Ցուցադրված գործիքները միջազգային մակարդակով գործածվող սարքեր են, որոնք օգտագործվում են նաև մեր հանրապետության տարածքում, և առ այսօր անընդհատ թարմացվում և լրացվում են»,- նշել է Վ․ Սաֆարյանը։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *