Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ այսօր հանդիպել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Ղուլյանը։ Նա բարձրացրել է լեզվի կարևորությունը, քննարկել նրա առջև ծառացած խնդիրներն ու մայրենին անաղարտ պահելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով ուսումնական հաստատություններում բարբառի անտեղի գործածմանը, որից շատ դժվար է ձերբազատվել, Արտակ Ղուլյանը նշել է․ «Մեզանից յուրաքանչյուրը, ով գործ ունի մատաղ սերնդի հետ, կրում է շատ մեծ պատասխանատվություն՝ գրական հայերենի միջոցով հայրենիքի գաղափարը նրա մեջ սերմանելու գործում»։

Լեզվի տեսչությանն առավել հուզում է մայրենի լեզվով հաղորդակցվելու խնդիրը. «Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք՝ հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնությունը պահող գործոններից մեկն է։ Այն հայը, որ դժվարանում է հայերեն խոսել, նա դադարում է հայ լինելուց, այսինքն՝ հայը և հայերենը ոչ թե հոմանիշներ են, այլ նույնն են։ Հային հայ պահողը հայերենն է»,-ընդգծել է լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը և կարևորել յուրաքանչյուրի դերը լեզուն մաքուր պահելու հարցում:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *