Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «ARTSAKH STEM EXPO 2023» միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել աշակերտների և ուսանողների հետաքրքրությունը դեպի գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը ցավով է փաստում, որ վերջին տարիներին երիտասարդները հեռանում են բնագիտական առարկաներից. «Այս քննարկումներում կարևորվում է stem-ի անհրաժեշտությունը՝ որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար բիզնեսի համար, որովհետև եթե չլինի գործարարությունը, ոչ մեկին պետք չէ ո՛չ իրավաբանությունը, ո՛չ տնտեսագիտությունը, որովհետև դրանք եկած են ծառայելու ընդհանրապես մարդկության կյանքի զարգացմանը, իսկ զարգացումը բերում է գործարարությունը»:

«ARTSAKH STEM EXPO»-ն նախորդ տարի առաջին անգամ Մարտակերտում կազմակերպել է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ Արտավազդ Բոյաջյանը, ով դասավանդում էր Մաղավուզի միջնակարգում: Արցախի պաշարման հետևանքով Բոյաջյանը մնացել է ՀՀ-ում, բայց ընկերների ու աջակիցների շնորհիվ ցուցահանդեսը կայացել է նաև այս տարի,-ասում է Միլենա Ավետիսյանը. «Շատ հպարտ ենք, որ նույնիսկ այս պայմաններում հաջողվեց իրականացնել մեր միջոցառումը՝ թեկուզ, երբ թիմի մյուս մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախի տարբեր շրջաններում: Ես դա մեծ հաջողություն եմ համարում»:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, որտեղ մասնակիցների հարցերին են պատասխանել ՇՏՀ-ի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը, «Capital soft» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանն ու «GG» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

«ARTSAKH STEM EXPO 2023»-ի մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը. «Ցանկացած միտք, ցանկացած գաղափար պիտի ներդնենք մեր Արցախը հզորացնելու համար, և այս հարթակն այնպիսի բարենպաստ հարթակ է, որ մենք կարողանանք գեներացնել մեր մտահղացումները և փոքր-ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»:

Ցուցահանդեսին մասնակցած ընկերություններն ու բուհերը տաղավարներում ներկայացրել են իրենց առաջարկություններն ու արտադրանքը: Աշակերտական-ուսանողական հետազոտական մրցույթում ՇՏՀ-ի «Իրական դպրոց» կրթական ծրագրի տաղավարը ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով պատվոգրի և դրամական պարգևի:

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *