Այսօր՝ սեպտեմբերի մեկին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Օրը նշանավորվել է ավանդույթ դարձած արիության դասով, որը վարել են ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Մհեր Դանիելյանն ու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակը:

Կարևորելով կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում՝ Մ. Դանիելյանը նշել է. «Գիտելիքի և դպրության օրն անցկացվող արիության դասը ապացույցն է այն բանի, որ անկախությունը բացարձակ արժեք է մեզ համար և որի պահպանման ու ամրապնդման համար առանցքային դեր ունի գիտելիքներով զինված երկրի քաղաքացին»:

Բուհի ուսանողներին և նրանց շարքերը համալրած առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա և գիտելիքի ու դպրության օրվա առթիվ շնորհավորել է ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը. «Ձեր առջև բացվում է ապագան` իր բազում հնարավորություններով, և ավելի քան վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կհասնի և մեծ ոգևորությամբ կշարժվի դեպի գիտելիքը: Վերելքներով լի ուղի եմ մաղթում կրթական այս բարդ, բայց հետաքրքիր գործընթացում»,- բարի երթ մաղթելով համալսարանականներին՝ նշել է Միքայելյանը:

Նորեկներին ջերմորեն դիմավորել են ուսանողական խորհրդի անդամները, ովքեր ֆիլմի միջոցով ներկայացրել են բուհում ուսումնական գործընթացը, գիտական գործունեությունը, ուսանողական կյանքին վերաբերող առանձնահատկությունները:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *