Հունիսի 10-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի և շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» խորագրով:
Քննարկման նպատակն էր վեր հանել գործատուների և ոլորտի պատասխանատուների հիմնական պահանջները և փորձել ՇՏՀ-ի կրթական ծրագրերը համապատասխանեցնել աշխատաշուկայի և երկրի պահանջներին:
Կլոր սեղանին մասնակցել են ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ և գործատուներ։
Քննարկմանն առաջադրվել են մի շարք հարցեր՝ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի թեմաների տրամադրման արդիականությունը, ըստ մասնագիտությունների վերջնարդյունքների քննարկումը, շրջանավարտների աշխատանքի տեղավորումը և ուսանողների փորձուսուցուման կազմակերպումը՝ համապատասխան աշխատանքային տեղերում: Կարևորելով տեսական գիտելիքների կատարելագործումը փորձուսուցմամբ` ԱՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը նշել է. «Բոլոր նորարական տեխնոլոգիաներին իրազեկ լինելու համար պատրաստ ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել ուսանողների հետ և մեր մասնագիտական փորձը փոխանցել նրանց»:
Քննարկման ընթացքում բարձրացվել են բուհի կառավարման գործում առկա խնդիրները, որին ի պատասխան ՇՏՀ ռեկոր Նվեր Միքայելյանն ասել է. «Նման ձևաչափով քննարկում առաջին անգամ է տեղի ունենում: Կարևորում եմ յուրաքանչյուրիդ կարծիքը, այն մեզ կօգնի ճիշտ քայլեր ձեռնարկել որոշումներ կայացնելիս և ապագայում մենք հանդես կգանք նոր ձևաչափով»:
ՇՏՀ լրատվական բաժին