Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի տարբեր կուրսերի մի խումբ ուսանողներ հունիսի 6-11-ը փորձուսուցում են անցել Երևանում՝ դասախոսներ Լուսինե Միրզաջանյանի և Անուշ Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Անուշ Մարտիրոսյանի խոսքով՝ տեսական գիտելիքներն ամրապնդելու համար այս փորձուսուցումը շատ կարևոր էր. «Ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել փորձուսուցմանը, հնարավորություն են ունեցել տիրապետելու մեր մասնագիտական նրբություններին՝ ամրապնդելով նաև տեսական գիտելիքները գործնականով: Նման փորձուսուցումներն ավելի են ընդլայնում ուսանողի մտահորիզոնը և գիտելիքների պաշարը»:
Համալսարանականները ծանոթացել են «Տերյան» մշակութային կենտրոնի մշակութապահպան գործունեությանը, հայկական տարազի պատմությանը, զարդերին՝ որպես մշակութային երևույթի, մշակութային ժառանգության արժեքներին:
«Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողներին Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվել են հայոց պատմության հնագույն շրջանից մինչև նորագույն պատմության հնագիտական նյութեր:
Փորձուսուցման շրջանակում ՇՏՀ ուսանողներն այցելել են նաև Սերգեյ Փարաջանովի և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարաններ: «Մեգերյան կարպետ» ընկերությունում համալսարանականները ծանոթացել են գորգագործության ողջ ընթացքին, տեղեկացել գորգերի հումքի, ներկանյութերի, օգտագործվող գործիքների մանրամասներին:
ՇՏՀ լրատվական բաժին




