Սիրելի ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ,

Բոլորիս համար Ամանորը հատուկ խորհուրդ ունի, քանզի սովորաբար տարեմուտին ենք ամփոփում ավարտվող տարին և նոր ուժով ու եռանդով դիմավորում նոր տարին։ Պիտի ասեմ, որ Ամանորը շատերիս համար ընտանեկան տոն է, սակայն 2023 թվականը մենք թևակոխում ենք բարդ իրավիճակում, երբ կեղծ բնապահպանական քողի տակ Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը։ Ուստի բոլորիս մտքերում Արցախի Հանրապետությունն է, մեր ժողովրդի անվտանգությունը և հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարումը։

Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ուզում եմ առաջինը շնորհավորել Արցախի ազատության համար պայքարում զոհված և անհետ կորած հայորդիների ընտանիքներին, թող լույս իջնի անմահների գնդի տղաների հոգիներին, իսկ հրաշքով ողջ մնացածները րոպե առաջ հասնեն իրենց հարազատներին։

2020 թվականի պատերազմն ու դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ մենք իրավունք չունենք չսովորելու, չուժեղանալու և չհաղթելու, նաև սա է պատճառը, որ 2023-ին ևս պետք է շարունակենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հաջողության պատմությունը։

Ուզում եմ, որ 2023 թվականն Արցախի համար լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիքում թևածի սերն ու միությունը։ Թող գալիք տարին լինի կայուն խաղաղության, ձեռքբերումների տարի, և թող իրականանան բոլորիս նվիրական երազանքները:

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *