Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեն Մանուկյանի միջև համագործակցության շրջանակում շարունակվում են առցանց հանդիպումները ոլորտի մասնագետների հետ։
Այսօր՝ ապրիլի 6-ին, ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» մասնագիտության ուսանողների հետ առցանց հանդիպում-զրույց է ունեցել դիզայներ, հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը. «Ոլորտում կայանալու և գումար վաստակելու տարբերակը անհատականություն լինելն է: Քո ստեղծածը պետք է նման չլինի մյուսների ստեղծածին և պետք է հասանելի լինի մարդկանց: Իհարկե, այս ամենի հիմքում, նախևառաջ, սերն է քո աշխատանքի և մասնագիտության նկատմամբ»:
«Ուրֆա. վերածնված արժեքներ» և «Այնթապ» հավաքածուները Նիկոլյանը համարում է իր այցեքարտը` ընդգծելով ոգեշնչման աղբյուր հայկական էթնիկ հագուստը, որը մատուցվում է ժամանակակից ձևվածքների մեջ։ Դրանց հիմքում հայկական տարազներն են, խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունները։
Հանդիպումն անցել է ինտերակտիվ ձևաչափով՝ ուսանողները ակտիվորեն հարցեր էին ուղղում բանախոսին և ստանում դրանց պատասխանները։
ՇՏՀ լրատվության բաժին