Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունում օրերս կայացել է «Մատենա» միջազգային դպրոցի առաջնորդների մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը՝ Արցախի հանրային և մասնավոր ոլորտների մասնագետների համար: Ծրագրին մասնակցել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ներկայացուցիչներ, ովքեր նախապես հայտագրվել և հաղթահարել են գրավոր քննության փուլը։
«Առաջնորդների մասնագիտական զարգացման ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը, ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հնարավոր է հաղթահարել»,-ասել է «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը։
Երկօրյա դասընթացին մասնակիցները հնարավորություն ունեցան լսել տեղի ու միջազգային մասնագետների, քննարկել ռազմավարական առաջնորդության, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերի, վստահության, կառավարման և առաջնորդության հարցերը․ «Սա շատ կարևոր ձեռքբերում է մեզ ու համալսարանի համար, քանի որ ստացած գիտելիքները, հմտություններն օգտագործվելու ենք կրթական գործընթացում»,-նշել է ՇՏՀ-ի արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե Այդինյանը:
ՇՏՀ-ի լրատվության բաժին