Այսօր՝ ապրիլի 27-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն- ֆրանկոֆոնիայի կենտրոնում մեկնարկել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական հինգերորդ գիտաժողովը՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ՇՏՀ ուսանողների հիշատակին: Գիտաժողովի կազմակերպման նպատակն է հետպատերազմյան Արցախում նպաստել կրթության և տնտեսության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը՝ նկատելով, որ ուսանողի համար անկարելի ոչինչ չկա, նրա առջև բաց են բոլոր դռները, ցանկության և նպատակասլացության դեպքում այդ ուսանողը վաղը կարող է, որպես լավ մասնագետ, նպաստել մեր երկրի զարգացմանը. «Հուսով եմ, որ այս գիտաժողովը մասնակիցներից շատերի համար կդառնա ինքնադրսևորվելու, փայլուն գաղափարներ կյանքի կոչելու, նախընտրած ոլորտում մասնագիտական հաջողություններ գրանցելու մեկնակետ»:

Ողջունելով գիտաժողովի անդամներին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն ընդգծել է. «Այսօր մեր երկրում հայրենասիրական մթնոլորտ ձևավորելու, մեր սերունդներին ազգային արժեքներով դաստիարակելու համար անչափ կարևոր է կրթական ոլորտի բարելավումը և մակարդակը, որով էլ պայմանավորված է մեր երկրի, մեր հասարակության բարեկեցությունը»,-նշել է կրթության ոլորտի պատասխանատուն:

ՇՏՀ ուսանողական հինգերորդ գիտաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են նաև ազգային ժողովի պատգամավորներ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը, Արցախի այլ բուհերից դասախոսներ և ուսանողներ:

Ուսանողական գիտաժողովը վաղը կշարունակվի ՇՏՀ-ում՝ ըստ առանձին մասնախմբերի: Հավելենք, որ գիտաժողովին առցանց տարբերակով կմասնակցեն նաև ուսանողներ հայաստանյան բուհերից:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *