«Դասավանդի՛ր Հայաստան» կրթական ծրագրի ներկայացուցիչներն այսօր այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպել գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և միջին մասնագիտական կրթական ծրագրի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության ավարտական կուրսերի ուսանողների հետ։
Ներկայացնելով ուսանողներին «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մանրամասները՝ կրթական ծրագրի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է երիտասարդ մասնագետի համար ծառայել հայրենիքին և նպաստել նրա զարգացմանը. «Մենք բոլորս խոսում ենք հայրենասիրությունից, և ահա այս ծրագիրը այն կետն է, որտեղ խոսքից պետք է անցնել գործնականի, և ամեն մեկս մեր տեղում թեկուզ փոքր քայլերով պարտավոր ենք ինչ-որ բան փոխել դեպի լավը»,- նշել է Ա. Պռազյանը:
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի նպատակն է ստեղծել ուսուցիչ-առաջնորդների համայնք, որոնց գործունեության շնորհիվ Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կունենա հավասար կրթական հնարավորություն։
ՇՏՀ լրատվական բաժին